24.11.2024
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շարունակում է մնալ հայ-իսրայելական օրակարգի մաս
prev Նախորդ նորություն

ՍԴ-ն բավարարեց ԼՀ դիմումը, բայց Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը հրաժարական չի տա

Սահմանադրական դատարանը բավարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը՝ Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական ճանաչելով:


ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են։ Նրա խոսքով, Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ին կայացրած որոշումները կորցնում են իրենց իրավական ուժը մինչեւ 2018թ. մարտի 31-ը: Իսկ ահա ՍԴ որոշումները ուժի մեջ կմտնեն մարտի 31-ին։


«Լուսավոր Հայաստան» կուսակցության Էդմոն Մարուքյանի խոսքով՝  ավագանին պետք է լուծարվի, արտահերթ ընտրություններ տեղի ունենան. «Այդ նիստներն ու դրանց գումարումները եղել են ապօրինի եւ որոշումները եւս: Ուստի դրանք հակասահմանադրական են ճանաչվել: Մենք կստանանք որոշումը եւ դրանից հետո մեր հետագա քայլերը կորոշենք», - լրագրողների հետ զրույցում ասել է Մարուքյանը: Իսկ եթե Վանաձորի ավագանին չլուծարվի, ընդդիմությունն էլ բոյկոտի, ապա նոր ճգնաժամ կսկսվի:


Իր հերթին Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ Էդմոն Մարուքյանն ընդամենը պատգամավոր է, նա Սահմանադրական դատարանից բարձր որոշումներ չի կարող իրականացնել, իսկ ավագանին լուծարելու որոշում Սահմանադրական դատարանը չի կայացրել, կայացրածն էլ չի կարող անդրադառնալ ավագանու լուծարմանը. «Օրակարգում ավագանու լուծարման կամ իմ հրաժարականի հարց չկա»։


Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ապա Վանաձորի քաղաքապետը նշել է, որ կայացրած որոշումը պատրաստվում են իրականացնել օրենսդրական փոփոխութունների միջոցով։


Հիշեցնենք, «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների 26 պատգամավորներ ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում էին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները՝ սույն թվականի մարտ ամսից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, Վանաձորում գումարում էին նիստեր ու կայացնում որոշումներ։