ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ԱՄՆ-ի և կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից թուրքական ռազմակայանների օգտագործման մասին "Իսլամական պետության" խմբավորման դեմ պայքարում վկայում են սիրիական հակամարտության շուրջ Անկարայի ու Վաշինգտոնի դիրքորոշման մերձեցման մասին: Այդ մասին Ռիա Նովոստիին հայտնել է թուրք քաղաքագետ Ռեսուլ Սերդար Աթաշը: «Ինջերլիք ավիաբազայի տրամադրումը կոալիցիային և դրանում Թուրքիայի մասնակցությունը թույլ կտա բարձրացնել մեր երկրի դերն "Իսլամական պետության" դեմ պայքարում: Թուրքիան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի միակ անդամն է, նա դաշինքում ունի իր հզորությամբ երկրորդ բանակը: ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը նվազեցնում է Թուրքիայի անհանգստությունը և ցույց է տալիս, որ Անկարային և Վաշինգտոնի դիրքորոշումները սիրիական հարցում մերձենում են: Նրանց նպատակը մեկ է՝ Դամասկոսում իշխանության հանձնումը ժամանակավոր վարչակազմին», - նշել է Աթաշը: Փորձագետը արդարացված է համարում Անկարայի պնդումնեը Սիրիայի հյուսիում բուֆերային գոտի ստեղծելու շուրջ: «Այդ գոտին ավելի ճիշտ կլիներ անվանել անվտանգության գոտի, քանի որ այն ապահովում է խաղաղ բնակչության անվտանգությունը, որոնք գտնվում են ռազմական գործողությունների գոտում և թույլ կտա նվազեցնել փախստականների հոսքը դեպի Թուրքիա: Նախատեսվում է, որ դա կլինի 90 կմ-ոց գոտի Ջարաբլուսից մինչև Անթակյա: Քանի որ ԱՄՆ-ը Թուրքիայից աջակցություն է պահանջում Իսլամական պետության դեմ պայքարում, Վաշինգտոնը չի կարող անտեսել նրա ցանկությունը Սիրիայի սահմանի մոտ անվտանգության և անթռիչք գոտու ստեղծման համար», - նշել է գործակալության զրուցակիցը: