Ի՞նչ է լինելու ԳԱԱ-ին կից 32+9 ինստիտուտների և դրանց աշխատակիցների հետ
ԳԱԱ-ին կից գործող 32+9 գիտական ինստիտուտներում աշխատող շուրջ 2300 գիտաշխատողների ճակատագիրն այսօր մնում է անորոշ։ Այս մասին ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ ներկայացված օրինագծով արմատապես փոխվում է Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը․ այն այլևս դառնում է բացառապես խորհրդատվական և փորձագիտական մարմին։ Իսկ ԳԱԱ-ի կազմում մինչ այժմ գործող գիտական և գիտաօժանդակ կազմակերպությունները դուրս են գալիս կառույցի համակարգից՝ առանց դրանց հետագա ճակատագիրը օրենքում հստակեցնելու։
Գալստյանը բարձրաձայնեց հարցը․
«Այսօր ակադեմիային կից գործում են 32+9 ինստիտուտներ, որտեղ ներգրավված են շուրջ 2300 գիտաշխատողներ։ Ի՞նչ է լինելու այս կառույցների հետ, ի՞նչ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են նախատեսվում։ Չէ՞ որ ակնհայտ է՝ սա Ակադեմիական քաղաքի, համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման սխեմայի մի մասն է։
Սակայն Ակադեմիական քաղաք դեռ չկա, իսկ արդյոք բուհերը, հատկապես պետականները, ունեն այդ ներուժը՝ գիտական ինստիտուտները ներառելու համար»։
Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ներկայիս համակարգում յուրաքանչյուր գիտաշխատողին գրեթե երկու վարչական աշխատող էր համընկնում, ինչը, ըստ նրա, անարդյունավետ էր։ Նա հավելեց, որ ակադեմիային կից որոշ ինստիտուտներ կտեղափոխվեն բուհերի ենթակայության տակ, իսկ մյուսները կշարունակեն գործել որպես առանձին կառույցներ։