«Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուին ընդառաջ
Պրոդյուսեր և APPA-ի հիմնադիր Զառա Մխեյանը այս դեկտեմբերին ներկայացնում է մեր ժամանակների հերոս Ալեն Մարգարյանի մոտիվներով ստեղծված՝ «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուի պրեմիերան:
"Մեր ընկերության կողմից սառցե հեքիաթներ ստեղծելը պահանջում է պերֆեկցիոնիզմ, և մենք ձգտում ենք կատարելության դրա ստեղծման մեջ: Ներկայացման մեջ փոխանցվող հիմնական գաղափարներն են լույսը, սերը և բարությունը, որը միշտ հաղթում է չարին, ինչը և ներկայացման հիմքն է։ Ես և ամբողջ թիմը ոգեշնչվում ենք մեր ներկայացումներին ներկա հանդիսատեսի սիրուց և էներգիայից։ Վստահ ենք, որ այս անգամ բարության էներգիան շատ ավելի մեծ կլինի։ Մեր շոուները առաջարկում են նոր և սիրված հեքիաթային ճանապարհորդություններ, և մեր ընկերությունը անընդհատ աշխատում է նոր, անակնկալ պրեմիերաներ ստեղծելու ուղղությամբ",- ասել է Մխեյանը։
Նրա խոսքով, այս անգամ լեգենդար երաժշտական ստեղծագործությունները նորովի կհնչեն սառույցի վրա ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով ուղեկցվող բեմադրության մեջ: Ամանորյա մոգության հեքիաթում ունկնդիր կլինենք Պ.Ի. Չայկովսկու, Ռ. Վագների, է. Կռիլատովի, Ռ. Պաուլսի, Ա. Գրիգորյանի, Մ. Դունաևսկու և շատ ուրիշների երաժշտական գլուխգործոցներին:
"Ալենի ամանորյա հեքիաթը նոր մեկնաբանությամբ կվերածվի գրավիչ և հետաքրքրաշարժ սառցե ներկայացման՝ հագեցած անսպասելի մուլտիմեդիայի էֆեկտներով, տեխնիկապես բարդ հնարքներով և ցնցող պարային համարներով: Ալեն Մարգարյանի մոտիվներով ստեղծված սցենարի վրա աշխատում է սցենարիստ, ռեժիսոր - բեմադրիչ Էմիլ Կարատը:
Հրաշքներն ու կախարդանքը իրականանում են, և մեր ամանորյա հեքիաթը պատմում է արտասովոր իրադարձությունների մասին, որոնք սովորական կյանքում անհնարին են թվում, բայց տեղի են ունենում մոգության կամ հրաշքին հավատալու շնորհիվ և, այնպայման, հե՛նց Ամանորի գիշերը: Ամանորյա պրեմիերայի գլխավոր դերերում հանդես կգան Հայաստանի գեղասահքի աստղերը, Իսրայել ի, Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոններ և բազմաթիվ այլ անվանի գեղասահորդներ, որոնց հետ արդեն շուրջ մեկ տարի աշխատում է հայտնի պարուսույց-բեմադրիչ Դմիտրի Լապշինը",- պատմել է նա:
Նաև վստահեցրել է, որ սառույցի վրա՝ բարձր տեխնոլոգիաներով հագեցած և, միևնույն ժամանակ, բարի և հեքիաթային ներկայացում ստեղծելու իրենց առջև դրված խնդիրը կկատարեն 1000 տոկոսով։
«Ալենի ամանորյա հեքիաթը» սառցե շոուն կանցկացվի դեկտեմբերի 20-ին և 21-ին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրում»: