Ադրբեջանական սերունդը մեծանում է՝ հավատալով, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է
Ես տարբեր առիթներով կիսվել եմ իմ ալիքում Ադրբեջանի դպրոցական դասագրքերի վերաբերյալ արված իմ հետազոտության արդյունքներով. ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», իսկ հայերը՝ բացառապես որպես «թշնամիներ»։
Սակայն, վերջերս աչքիս ընկավ արտերկրում ապրող մի ադրբեջանցի հետազոտողի՝ Շալալա Մամեդովայի աշխատանքը, որը հրապարակվել է «Baku Research Institute» կայքում 2025 թ. սեպտեմբերի 5-ին։ Այդ հետազոտական հոդվածում վերլուծվում է, թե ինչպես են Ադրբեջանի դպրոցական պատմության դասագրքերում վերջին տասնամյակներին ներկայացվում Հայաստանը և հայերը։ Նյութը անգլերեն է, բայց ես կթարգմանեմ դրանից միայն մի հատված.
«Ներկայացնելով Ալբանիայի սահմանները՝ նշվում է, որ դրանք ընդգրկում էին ներկայիս Հայաստանի տարածքը (մեջբերման փակագծերում նշվում է, որ այդ տարածքը եղել է Արևմտյան Ադրբեջան): Այսպիսով, դասագիրքը հնագույն ժամանակներում Ալբանիայի և Ատուրպատենի հարևանությամբ որևէ հայկական տարր չի հիշատակում։ Ալբանիայի արևմուտքում գտնվող քաղաքակրթությունը ներկայացվում է որպես Արևմտյան Ադրբեջան»։
Նյութի հղումը կտեղադրեմ մեկնաբանության բաժնում, եթե ցանկություն ունենաք այն կարդալ։ Սակայն կարևոր համարեցի ներկայացնել, որ անգամ ադրբեջանցի հետազոտողն է փաստում, թե ինչպես է ադրբեջանական սերունդը մեծանում՝ հավատալով, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ Սա, իմ կարծիքով, ամենամեծ խոչընդոտներից մեկն է իրական խաղաղության կառուցման ճանապարհին…
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան