Լեհաստանը հայտարարել է, որ ռուսական մի քանի տասնյակ հարվածային անօդաչուներ խախտել են Լեհաստանի սահմանը: Դա տեղի է ունեցել պատահաբար, թե միտումնավոր, առայժմ չկան հստակ ապացույցներ: Դեռ ներկայացված չեն նաեւ ապացույցներ, որ անօդաչուներ եղել են ռուսական:
Լեհաստանը սակայն օդ է բարձրացրել ռազմական ավիացիա՝ անօդաչուները վնասազերծելու համար, նաեւ դիմել ՆԱՏՕ-ին:
Այդ ֆոնին, Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ անօդաչուների հետ կապված հարցերը պետք է ուղղել պաշտպանության նախարարություն, միաժամանակ նշելով, թե ներկայացվում են Ռուսաստանին ուղղված մեղադրանքներ, բայց չեն ներկայացվում ապացույցներ:
Իհարկե չի բացառվում, որ առաջիկա ժամերին Լեհաստանը ներկայացնի ապացույցներ, որ անօդաչուները ռուսական կողմից են:
Այդ ֆոնին, այսօր եղավ տեղեկություն, որ մինչ այդ Սոչիում գտնվող Պուտինը վերադարձել է Կրեմլ, եւ Կրեմլում աշխատանքային հանդիպում ունեցել Սմոլենսկի շրջանի նահանգապետի հետ:
Իմ ուշադրությունը գրավեց այդ հանգամանքը: Իսկ ուշադրությանս պատճառն այն է, որ Սմոլենսկի հետ կապված կա լեհական ողբերգությունը, երբ 2010 թվականին Սմոլենսկի օդանավակայանին մոտենալիս կործանվեց Լեհաստանի կառավարական օդանավը, որի մեջ էին այն ժամանակ նախագահ Կաչինսկին, նրա տիկինը, Լեհաստանի ռազմական ու քաղաքական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: Բոլորը զոհվեցին: Նրանք մեկնում էին Սմոլենսկ՝ Կատինի զոհ լեհ սպաների հիշատակի արարողության համար:
Որեւէ ակնարկ պարունակու՞մ է Պուտինի աշխատանքային հանդիպումը Սմոլենսկի նահանգապետի հետ այն օրը, երբ Լեհաստանը հայտարարել է իր օդային տարածք տասնյակ ռուսական անօդաչուների մուտքի մասին եւ «ոտքի է հանել» ՆԱՏՕ-ն:
Չգիտեմ, բայց համենայն դեպս հանգամանքը գրավեց ուշադրությունս: Ի դեպ, այն ժամանակ, երբ զոհվեց Լեհ Կաչինսկին, Լեհաստանի վարչապետը դարձյալ Դոնալդ Տուսկն էր, ինչպես այսօր է: Ընդ որում, այն ժամանակ Կաչինսկին ու Տուսկը, լինելով մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, դիտվում էին նաեւ աշխարհաքաղաքական հակադիր մոտեցումների կրողններ: Կաչինսկին համարվում էր վառ հակառուս, Տուսկը դիտարկվում էր չափավոր «ռուսամետ»:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան