Ցավոք, գերիների հարցի վերջնական լուծում չունենք. Արարատ Միրզոյան
Կարող ենք ասել՝ հաստատվել է խաղաղություն. մենք դեռ ճանապարհի սկզբին ենք, խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք ու հոգտարարություն է պահանջում, պահանջում է զգուշություն՝ յուրաքանչյուր արտահայտվող բառի տեսանկյունից: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևորագույն իրադարձություն որակեց, բայց միևնույն ժամանակ նշեց, որ եթե առաջիկայում էլ ստորագրեն խաղաղության պայմանագիրը՝ չեն կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ։ Ընդգծեց՝ առայժմ կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը ձգտում է զրոյի, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է, բայց բազմաթիվ խնդիրներ մնում են.
"Մեկը՝ գերիների հարցը. ցավոք, հարցի վերջնական լուծում չունենք: Այս հարցը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է, հավատացնում եմ՝ այսօր էլ այդ աշխատանքները շարունակվում են, վաղն էլ չեն դադարելու",- նշեց Միրզոյանը: