Ազգային ժողովն այսօր 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգիրքը: Փոփոխությունների նախագծում, որով վերջնական ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, ներառված էր նաև իշխանություն-ընդդիմություն համաձայնությունը, որով սահմանվում է ընտրակեղծիքի մասին սուտ մատնության քրեական պատասխանատվություն, այն է՝ անզգուշությամբ արված նման հայտարարությունների համար պատիժը կմեղմացվի կամ աշխատավարձի 200-պատիկից 800-պատիկի չափով գանձմամբ, կամ էլ 2 տարվա ազատազրկմամբ: Ընդդիմությունը հաղթանակ է տոնում, քանզի ընտրողների ցուցակների հրապարակումը ամրագրվեց նոր օրենսգրքով: Այս կապակցությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անգամ շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, որ 15 տարի պայքարել են, որպեսզի ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն, ինչը Հայաստանում ժողովրդավարության կարևոր հաղթանակ է: