VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Առավոտ» թերթը գրում է. «Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը: Մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության եւ ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել), որը «Իսլամական պետության» անդամ է: Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից եւ փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժամանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից, եւ ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը հետ է ուղարկվել Թուրքիա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում փորձում է լավատեսության մեսիջներ հղել իր շրջապատին եւ իրեն այնպես պահել, որ ամեն ինչ դեռ առջեւում է: Սրա պատճառն այն է, որ Կարապետյանի կոչով եւ նրա երաշխավորությամբ Ռուսաստանից ազգությամբ հայ եւ ռուս անհատներ գումարներ են ներդրել Հայաստանում, այդ թվում՝ Գյումրիում իրականացվող ծրագրերում, եւ հիմա նա պարտավորություններ ունի այդ մարդկանց նկատմամբ: Նա մինչեւ վերջին պահը պետք է պայքարի վարչապետության համար եւ ցույց տա, որ ինքն ամենեւին էլ դատապարտված ու պարտված չէ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը շատերին շոկային վիճակի է մատնել: Գրեթե իրար կողքի են նստել վաղեմի անհաշտ մրցակիցներ, եթե ոչ թշնամիներ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ճիշտ է, նրանց միջեւ նստած է եղել մեկ այլ սպորտային միության՝ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Հենց նրա նախաձեռնությամբ է, որ Մարզահամերգային համալիրում անցկացվել է Հայաստանի լավագույն 10 մարզիկների պարգեւատրման եւ մեծարման միջոցառումը, որի մեսիջն այն է, որ հակամարտությունների եւ թշնամության ժամանակն այլեւս ավարտված է, եւ ինքը սահմանում է խաղի նոր, բոլորովին այլ կանոններ: Եթե նախագահ Սարգսյանին հաջողվել է կողք կողքի նստեցնել Ծառուկյանին եւ Հայրապետյանին, կարելի է չկասկածել, որ առաջիկայում իրար կողքի են նստելու այլ անհաշտ հակառակորդներ եւս, այդ թվում եւ՝ քաղաքական: Երեւի սա նկատի ուներ Սարգսյանը անցյալ տարվա օգոստոսին խոսելով ազգային համաձայնության իշխանության ձեւավորման մասին»:
«168 ժամ» թերթը գրում է. «Որքան գումար է անհրաժեշտ Հայաստանում՝ գոյատեւելու, լավ ապրելու եւ շատ լավ ապրելու համար։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, աղքատության ցուցանիշից բացի, հրապարակում է նաեւ աղքատության սուբյեկտիվ գնահատականը։ Դեկտեմբերի 5-ին հրապարակված զեկույցում այս տվյալները առկա էին, սակայն մեծ ուշադրության չարժանացան, չնայած որ բավականին հետաքրքիր են։ Այսպես, ԱՎԾ հարցումների համաձայն, 2016 թվականին Հայաստանում 1 շնչի հաշվով՝
գոյատեւելու համար անհրաժեշտ է ամսական 120 523 դրամ կամ 251 դոլար, լավ ապրելու համար՝ ամսական 347 234 դրամ կամ 723 դոլար, շատ լավ ապրելու համար՝ ամսական 655 060 դրամ կամ 1 363 դոլար։
Հիշեցնենք, որ Հայաստանում աղքատության վերին գիծը 2016 թվականին եղել է 40 867 դրամ. աղքատ համարվել են այն մարդիկ, որոնց ամսական սպառումը այդքանից ցածր է։ Մինչդեռ ըստ սուբյեկտիվ գնահատականի՝ աղքատ կարելի է համարել այն մարդկանց, ում ամսական եկամուտը (ենթադրաբար՝ գրեթե նույն չափով, որքան սպառումը) ամսական 120 հազար դրամից ցածր է։
Ստացվում է, որ եթե առաջնորդվենք ոչ թե պաշտոնական, հաստատված մեթոդաբանությամբ, այլ աղքատության մասին բնակչության սուբյեկտիվ պատկերացումներով, ապա կստացվի, որ Հայաստանում աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է, քան 29.4%-ը։
Սա դեռ ամենը չէ։ Մենք համեմատել ենք ԱՎԾ-ի կողմից հրապարակված այս տվյալները եւ 2015 թվականի նույն հարցման արդյունքները։ Ինչպես տեսնում եք, ըստ մեր համաքաղաքացիների՝ ապրուստը զգալիորեն թանկացել է։
Թանկացման մի մասը պայմանավորված է փոխարժեքով։ Բանն այն է, որ 2015 թվականին վերաբերող զեկույցում 1 դոլարի փոխարժեքը վերցված է 415 դրամ, իսկ 2016 թվականի զեկույցում՝ 480 դրամ։ Ըստ այդմ, շատ լավ ապրելու գինը դոլարային արտահայտությամբ չի փոխվել, իսկ դրամային արտահայտությամբ 15%-անոց աճը պայմանավորված է միայն փոխարժեքով։ Սակայն գոյատեւելու եւ լավ ապրելու համար անհրաժեշտ գումարն շատ ավելի մեծ չափով է աճել, քան փոխարժեքի գործոնը։ Այսինքն՝ ապրուստը թանկացել է նաեւ դոլարով արտահայտված»:
«168 ժամ» թերթը գրում է. «Ռոկիի թունելով այլընտրանքային ուղու գործարկումն այսօր հնարավոր չէ՝ ելնելով քաղաքական պատճառներից: Վրաստանը չի կարող իրեն զոհաբերել, Վրաստանի իշխանությունները չեն կարող ընթանալ ինքնասպանության ճանապարհով:
Շվեյցարական ընկերության հետ պայմանագիրը պետք է հրապարակվի, որպեսզի հասարակությունը դադարի մեղադրել Վրաստանի իշխանություններին մութ գործարքների մեջ: Հասարակ քաղաքացուն դժվար է բացատրել բոլոր դետալները: Հայտարարելով դա՝ Կվիրիկաշվիլին թե՛ եվրոպական, թե՛ հայկական կողմին ցույց տվեց այն արձագանքը, որը եղավ Վրաստանում, իսկ դա սկանդալ էր»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով խոսակցություններին, որ Վերին Լարսի ճանապարհին ֆորսմաժորային իրավիճակում այլընտրանք կարող է դառնալ Աբխազիայով եւ Հարավային Օսիայով անցնող ճանապարհը՝ (Ռոկիի թունելով):
Ըստ Ցիցնաձեի` Կվիրիկաշվիլիին մեղադրում են Ռուսաստանի հետ գործարքների մեջ, ռուսական շահերին ծառայելու մեջ: «Մեղադրում են, քանի դեռ կարեւոր հարցերի շուրջ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկխոսությունը դրական ճանապարհով չի ընթացել: Իսկ կառուցողական երկխոսություն կարեւոր հարցերի շուրջ գոյություն չունի, ինչպես կարող է հարակից հարցերի շուրջ համաձայնություն լինել: Ռուսաստանի համար ձեռնտու է փակել ընդհանրապես նախկին բոլոր թեմաները եւ հարաբերությունները վերսկսելու փորձեր անել հենց այս կետից՝ ստիպելով Վրաստանին ընդունել 2008-ի պատերազմի արդյունքները, բայց Վրաստանը դա չի անի»,- ասել է Ցինցաձեն»: