Իսկապես կանխվել է ԻՊ-ի հետ առնչություն ունեցող անձի մուտքը Հայաստան. ԱԱԾ-ն հաստատեց
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ի պատասխան Aravot.am-ի հարցման, հաստատել է տեղեկությունը, որ օրեր առաջ ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստան:
«ԱԱԾ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն»,-նշել են ԱԱԾ-ից, սակայն օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու պատճառաբանությամբ դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հայտնել:
Նշվել է, որ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների մասին հավաստի տեղեկություններ ստանալու դեպքում կանխարգելիչ նման միջոցառումներ մշտապես են իրականացնում: Մասնավորապես, միայն 2017թ. ընթացքում հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում արգելվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր առնչության մեջ կասկածվող այլ պետության 960 քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, եւս 95 օտարերկրացի վերցվել է սահմանային վերահսկողության՝ հատուկ հետախուզման ռեժիմով:
Ավելի վաղ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Առավոտ» թերթը գրել էր. «Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:
Մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության եւ ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել), որը «Իսլամական պետության» անդամ է:
Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից եւ փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժամանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից, եւ ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը հետ է ուղարկվել Թուրքիա»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում