5.10.2026
Լուսանկարը` iravaban.net
prev Նախորդ նորություն

Սնդիկ ջրում և պայթուցիկներ․ Սյունիքում ձերբակալվել են հանք շահագործողներ

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

Սյունիքի մարզի Ծավ գյուղում խմելու ջրի սնդիկով թունավորման ահազանգը հանգեցրել է աղմկահարույց քրեական բացահայտման։


Իրավապահ մարմինները կասեցրել են անօրինական հանքարդյունահանողների խմբի գործունեությունը, որոնք պայթուցիկների կիրառմամբ լեռնահետախուզական աշխատանքներ են իրականացրել անմիջապես համայնքի ջրավազանի հարևանությամբ։


ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ Վարդենիսի երեք բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկն արդեն կալանավորված է։ Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործները ձեռքի հորատման սարքերով թափանցել են ջրի ակունքին կից գտնվող չշահագործվող հանքախորշեր և սկսել գաղտնի արդյունահանումը։


«Դեպքի վայրի զննությամբ՝ խմելու ջրի ակունքից ոչ հեռու, հայտնաբերվել և առգրավվել են հագուստ, շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր և արդեն իսկ արդյունահանված հանքաքարով լի պարկեր», — նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։


Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում անձանց մեղադրանք է առաջադրվել ռազմամթերքի ապօրինի շրջանառության և ընդերքի պահպանման ու օգտագործման կանոնների կոպիտ խախտման համար։


Այս հանցավոր սխեման ջրի երես դուրս եկավ այն բանից հետո, երբ գյուղացիներից մեկը ծորակի ջրում մետաղական զանգված նկատեց և ահազանգեց։


Առողջապահության նախարարության իրականացրած լաբորատոր փորձաքննությունները հաստատեցին վատթարագույն կասկածները՝ ջրաղբյուրում և ծորակներում սնդիկի պարունակությունը գերազանցում էր սահմանային թույլատրելի նորման։ Այժմ Ծավի բնակիչներին խստորեն հորդորում են զերծ մնալ տեղի ջրի օգտագործումից՝ մինչև էկոլոգիական խնդրի վերջնական լուծումը։

Լուսանկարը` ՆԳՆ ոստիկանություն
Հաջորդ նորություն next