Հայաստանի կառավարությունը քննարկում է Հայ Առաքելական եկեղեցուն հարկման դաշտ բերելու նոր հայեցակարգ, որով նախատեսվում է գանձված միջոցները կրկին վերադարձնել հոգևոր կառույցին՝ որպես ծրագրերի ֆինանսավորում։
Նախաձեռնության նպատակն է հավասար հարկային պայմաններ ստեղծել բոլորի համար՝ միաժամանակ չզրկելով եկեղեցուն պետական աջակցությունից և խրախուսելով հանրօգուտ գործունեությունը։
Սպասվող բարեփոխումների մանրամասները BOON TV-ին տված հարցազրույցում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հարցն արդեն իսկ ակտիվորեն քննարկվում է Ազգային ժողովի գործընկերների հետ, թեև կարգավորումների վերջնական մեխանիզմները դեռ հստակեցման փուլում են։
«Եկեղեցին պետք է հարկեր վճարի այնպես, ինչպես բոլորը», - հայտարարել է գերատեսչության ղեկավարը: Որպես հարկման հավանական թիրախներ՝ նախարարը մատնանշել է ծիսական պարագաների վաճառքն ու այլ ձեռնարկատիրական գործունեությունը։
Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանը պարզաբանել է, որ պետության գերնպատակը պետբյուջեի եկամուտների մեծացումը չէ: Ըստ տրամաբանության՝ վճարված հարկերը հետ են վերադարձվելու եկեղեցուն՝ վերջինիս նախաձեռնություններն իրագործելու համար։
Ավելին, ըստ նախարարի, եթե եկեղեցին իրականացնի պետության և հանրության համար ռազմավարական կարևորության ծրագրեր, ապա վերադարձվող ֆինանսավորման ծավալը կարող է նույնիսկ գերազանցել մուծված հարկերի չափը։
Խոսելով փոփոխությունների կիրարկման ժամկետների մասին՝ Ֆինանսների նախարարը նշել է, որ թեև հարկային արտոնությունների վերացման դեպքում վեցամսյա սահմանափակումը չի գործում, գործընթացը հապճեպ չի արվի։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նորմը կարող է ուժի մեջ մտնել հաջորդ ամսվանից, նա պատասխանել է․ «Դժվար մյուս ամսվանից, որովհետև, այնուամենայնիվ, որոշակի հանրային քննարկման կարիք կլինի»։
Հիշեցնենք, որ 2007 թվականին ընդունված օրենքով և գործող Հարկային օրենսգրքով՝ եկեղեցու ստացած նվիրատվությունները, կրոնական ծիսակատարությունների ծառայություններն ու ծիսական պարագաների իրացումն ազատված են ԱԱՀ-ից, ինչը, սակայն, չի ենթադրում համապարփակ ազատում բոլոր հարկատեսակներից։