5.10.2026
Հայաստանում վարորդական քննությունների նոր հարցերն ուժի մեջ կմտնեն 30 օրից
prev Նախորդ նորություն

Գիշերային կրակոցներ Կոտայքում. ոչ սթափ անձինք վիրավորել են 2 պարեկի

Լուսանկարը` hy.armradio.am
Լուսանկարը` hy.armradio.am

Կոտայքի մարզում ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդին կանգնեցնելու՝ ոստիկանների պահանջը վերածվել է զինված հարձակման։ Գիշերային հետապնդման ժամանակ Hyundai մակնիշի ավտոմեքենայից արձակված կրակոցների հետևանքով երկու պարեկ վնասվածքներ է ստացել։


Ինչպես հաղորդում է armlur.am լրատվականը, արտակարգ դեպքը գրանցվել է հոկտեմբերի 5-ին՝ գիշերը ժամը 01:35-ի սահմաններում: Պարեկային ծառայության անձնակազմը «կանգառ» ազդանշան է տվել իրավախախտ վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է ենթարկվել և դիմել է փախուստի, որի ընթացքում էլ մեքենայից կրակ է բացվել օրինապահների ուղղությամբ։


«Վնասվածքներ ստացած երկու պարեկները տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանցից մեկն արդեն դուրս է գրվել։ Նախնական տվյալներով՝ մեր ծառայողների կյանքին վտանգ չի սպառնում», - նշված է ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:


Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում կարճ ժամանակ անց հայտնաբերվել են հանցագործության մեջ կասկածվող երկու անձինք, ինչպես նաև վերոնշյալ ավտոմեքենան։ Պարզվել է, որ վարորդն ու ուղևորը Կոտայքի մարզի բնակիչներ են և դեպքի պահին գտնվել են ոչ սթափ վիճակում։


Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները շարունակում են քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։