Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայողին սպանած անձը ներկայանում է որպես ԻՊ-ի համակիր
Դեկտեմբերի 25-ին Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել «Իսլամական պետության» համակիր ներկայանալով 2017 թ. ապրիլի 22-ին Գյումրիում ՌԴ ԶՈւ 102-րդ բազայի զինծառայողի սպանելու համար: Դատական գործը հրապարակվել է Դատական տեղեկատվական համակարգում:
Հիշեցնենք՝ այս գործը մեծ հնչեղություն ստացավ, քանի որ սպանության մեջ կասկածվողը և այժմ մեղադրյալը ներկայացել էր որպես իսլամի հետևորդ: Ավելին, Դատական տեղեկատվական հարթակից հայտնի է դառնում, որ բացի իսլամի հետևորդ լինելուց, նա նախաքննությանը ներկայացել է նաև որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր:
Ինչպես հայտնում է Ռազմինֆոն, Համաձայն հրապարակված դատական գործի՝ «Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ.ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը,դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսատանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով վերջինիս»:
Հիշեցնենք, որ 2017 թ. ապրիլի 22-ին Գյումրիում հայտնաբերվել էր ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դիակը՝ պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Գործի քննությունը հանձնվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն): Ջանջուղազյանին Երեւանում պաշտպանում է հանրային պաշտպան Սուզաննա Խչեյանը: ԶԼՄ-ների հարցերին, թե Ջանջուղազյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Խչեյանը պատասխանել է, թե այդ հարցը նախաքննական գաղտնիք է: Պաշտպանը չի պատասխանել նաեւ սույն քրեական գործի վերաբերյալ մեր մի շարք հարցերին՝ նույն պատճառաբանությամբ:
Ձերբակալված Արման Ջանջուղազյանը 14 տարի ապրել է Հունաստանում: Այս մասին մեր զրույցում ասել էր նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը: Ջանջուղազյանը Հայաստան է վերադարձել 2016 թվականին՝ Զինված ուժերում ծառայելու նպատակով: Մեղադրայլը նախկինում դատվածություն չի ունեցել: