Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ քննադատությունն ու խոստացել ընտրական ռեֆորմներ
Լուսանկարը` euronews.com
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ կիսում է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկույցում տեղ գտած մտահոգություններն ու խոստանում արմատական փոփոխություններ իրականացնել երկրի ընտրական համակարգում:
«Կիսում եմ ԵԽԽՎ զեկույցի բոլոր մտահոգությունները»,- հոկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Կառավարության ղեկավարը։ Նրա փոխանցմամբ՝ եվրոպական կառույցի առաջարկներն այժմ մանրամասն վերլուծվում են փորձագիտական մակարդակում։
«Եվրոպական խորհուրդն այն կառույցն է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի։ Մենք ընտրություններից անմիջապես հետո ենք արձանագրել, որ ընտրական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարենք, որպեսզի այն իրադրությունները, որ ստեղծվել են, կամ բացառենք, կամ դրանց ազդեցությունը զրոյականի հասցնենք»,- շեշտեց վարչապետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին հրապարակված դիտորդական զեկույցում ԵԽԽՎ-ն կոշտ գնահատականներ էր հնչեցրել հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալ։ Կառույցի գլխավոր մտահոգությունը վերաբերում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը, որով առանց հիմնավորման և վերահաշվարկի չեղարկվել էին երեք տեղամասերի արդյունքները՝ խորհրդարանից դուրս թողնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Եվրոպացի դիտորդներն արձանագրել էին նաև վարչական ու ֆինանսական ռեսուրսների չարաշահում, աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, ինչպես նաև իրավապահների և Հանրային հեռուստատեսության կողմնակալ աշխատանք՝ հօգուտ իշխանությունների։
Բացի այդ, եվրոպացի պաշտոնյաներն ահազանգել էին Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, տնտեսական շանտաժի ու տեղեկատվական գրոհների, իսկ դիտարկված տեղամասերի 44 տոկոսում՝ ընթացակարգային և քվեարկության գաղտնիության կոպիտ խախտումների մասին։