Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության հռչակման 35-րդ տարեդարձը: Ազգային տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում հայտարարել է, որ 500 տարվա երազանքների դարաշրջանն ավարտված է, քանի որ ինքնիշխան պետությունն արդեն իսկ իրականացած երազանքների հայրենիքն է՝ կերտված հազարավոր նահատակների կյանքի գնով։
Անդրադառնալով 1991 թվականի պատմական հանրաքվեին, որտեղ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը «Այո» ասաց ազատ և ժողովրդավարական երկրին, Կառավարության ղեկավարն արձանագրել է, որ անկախությունից ի վեր այդ տեսլականը խաթարվել է տասնամյակներ ձգվող հակամարտություններով: Այսօր հաստատված խաղաղության միջավայրը, ըստ նրա, ձեռք է բերվել մեծագույն զոհողությունների գնով։
«Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանը բարձրանա, նրանք զոհվեցին, որ Հայաստանն ապրի, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին», - ընդգծել է վարչապետը։
Ուղերձի առանցքային թեզը պետականության բացարձակ արժեքն էր: Փաշինյանը շեշտել է, որ պետությունն է ինքնության, անվտանգության և պատմության շարունակականության միակ երաշխավորը, որը քաղաքացիներին դարձնում է սեփական ճակատագրի տերը։ Նա հորդորել է դադարել երազել առասպելական հայրենիքի մասին: «Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը»,- հայտարարել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ այժմ գլխավոր խնդիրն այն զարգացնելը, ավելի արդար ու բարեկեցիկ դարձնելն ու հաջորդ սերունդներին փոխանցելն է:
Խոսելով առկա չլուծված խնդիրների և պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների մասին՝ վարչապետը նկատել է, որ ցանկացած լուծված հարց նոր մարտահրավերներ է ծնում, ինչը զարգացման բնականոն ընթացք է: Նա փաստել է, որ կառավարության բոլոր ծրագրերն՝ կրթությունից մինչև բանակ և առողջապահություն, ուղղված են քաղաքացու հզորացմանը՝ առաջ քաշելով համագործակցության նոր բանաձև. պետությունը պետք է ուժեղացնի քաղաքացուն, իսկ քաղաքացին՝ պետությանը։
Իր ելույթը Նիկոլ Փաշինյանը եզրափակել է քաղաքացիներին ուղղված հետևյալ ձևակերպմամբ. «Սիրեք Ձեր պետությունը, որովհետև Ձեր պետությունը սիրում է Ձեզ... Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու՛ ես, դու՛ ես Հայաստանի Հանրապետությունը»։