24.09.2026
Լուսանկարը` hetq.am
prev Նախորդ նորություն

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել, այլ պարզապես դանդաղել է՝ Բաքվի հետ խաղաղության բանակցությունների ֆոնին։ Հայաստանի իշխանությունները վստահ են, որ սահմանների պատմական բացումը մոտ ապագայի հարց է:


Այս մասին սեպտեմբերի 24-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Գնահատելով Անկարայի հետ ընթացող դիվանագիտական երկխոսությունը՝ պաշտոնյան ընդգծել է, որ այն դրական ընթացք ունի։ Նրա խոսքով՝ թվացյալ դադարն անմիջականորեն պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական հանգուցալուծմամբ։


«Գործընթացը չի կանգնել, դանդաղել է: Ավելի շատ կապում եմ դա Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած գործընթացների ավարտի և անդառնալիության կետի անցման հետ։ Խաղաղության առումով մենք արդեն վաղուց հատել ենք այդ կետը», - նշել է Սիմոնյանը։


Նա համոզմունք է հայտնել, որ որևէ նախադրյալ չկա մտածելու, թե սահմանի բացման հարցը չի լուծվի կամ լրացուցիչ կձգձգվի:


Անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է, որ թուրքական կողմն արդեն իսկ գործնական քայլեր է ձեռնարկում սահմանային ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, իսկ երկու երկրների գործարարների միջև շփումները դարձել են ավելի ակտիվ։


Երևանի լավատեսությունը հաստատվում է նաև միջազգային հարթակներում. սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հայտարարել է երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցված առաջընթացի մասին։


Չնայած այդ լավատեսական հայտարարություններին` երրորդ երկրների և դիվանագիտական անձնագարերով անձանց համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու` դեռևս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունը մնում է չիրականացված: 

 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան