24.09.2026
Լուսանկարը` 1lurer.am
prev Նախորդ նորություն

Երևանը հրաժարվում է էժան գազի դիմաց «քաղաքական գին» վճարել. Ալեն Սիմոնյան

Լուսանկարը` armeniatoday.am
Լուսանկարը` armeniatoday.am

Երևանը մտադիր չէ զիջել իր ազգային շահերն ու ինքնիշխանությունը հանուն ռուսական գազի ցածր գնի պահպանման: Հայաստանը որդեգրել է տնտեսության լիակատար դիվերսիֆիկացման և էներգետիկ կախվածությունից ազատվելու կուրս՝ հրաժարվելով կապույտ վառելիքի դիմաց քաղաքական գին վճարելուց:


Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից մատակարարումների հնարավոր դադարեցման կամ գազային պայմանագրերի փոփոխության մասին լուրերը:


Նրա խոսքով՝ հայկական կողմը Մոսկվայից դեռ նման ազդակներ չի ստացել, սակայն պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Պաշտոնյան ընդգծել է, որ Երևանը բաց է այլ երկրների տարանցմամբ վառելիքի այլընտրանքային մատակարարումների քննարկման համար։


Պատասխանելով էժան էներգակիրների դիմաց արտաքին քաղաքական հնարավոր զիջումների մասին հարցին՝ Սիմոնյանը կոշտ կերպով բացառել է նման սցենարը։ Նա նշել է, որ արժեքը միայն դոլարով չի չափվում։


«Դա նաև քաղաքական գին է իր մեջ ներառում։ Վարչապետն էլ ասել է, որ մենք պատրաստ չենք և չենք լինելու այլևս կախված մեկ խողովակից, մեկ ասեղից, մեկ քմահաճույքից և մեկ ճնշման կոճակից», - հայտարարել է նա։


Անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է որոշում իր քաղաքական ուղին, և տնտեսական ճնշման ոչ մի լծակ չի ստիպի Երևանին հրաժարվել սուվերեն որոշումներից:

 Լուսանկարը` armeniatoday.am
24.09.2026
Երևանը հրաժարվում է էժան գազի դիմաց «քաղաքական գին» վճարել. Ալեն Սիմոնյան