Թիլերսոն. Ժնեւում բանակցությունները կհանգեցնեն «Ասադից ազատ» Սիրիայի
Միացյալ Նահանգները ընդունում է Ռուսաստանի հետ համագործակցելու անհրաժեշտությունն այն ոլորտներում, որտեղ պետություններն ընդհանուր շահեր ունեն: Դա վերաբերում է նաեւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցին: Այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը The New York Times-ում հրապարակված հեղինակային հոդվածում:
«Չնայած կանգնած ենք ռուսական ագրեսիայի դիտակետում, գիտակցում ենք Ռուսաստանի հետ աշխատանքի անհրաժեշտությունն այնտեղ, որտեղ խաչվում են մեր համատեղ շահերը»,- նշել է պետքարտուղարը՝ հավելելով, որ դա «ոչ մի տեղ այնքան ակնհայտ չէ, որքան Սիրիայում»:
Թիլերսոնը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է իր «հավատարմությունը ՄԱԿ կողմից աջակցվող ժնեւյան քաղաքական գործընթացին, որը Սիրիային դեպի նոր ապագա կտանի»: ԱՄՆ պետքարտուղարը համոզմունք է հայտնել, որ ժնեւյան գործընթացի հաջողությունը կբերի «Սիրիայի, որն ազատ կլինի իր ներկայիս նախագահ Բաշար Ասադից եւ նրա ընտանիքից»:
Թիլերսոնը նշել է, որ ԱՄՆ ղեկավարած կոալիցիան «իր գործողություններն ակտիվացրել է եւ ԻՊ գրոհայիններից գործնականում հետ վերցրել Իրաքում եւ Սիրիայում վերահսկած բոլոր տարածքները»: «Ահաբեկչության վերացումը մնում է ԱՄՆ նախագահի եւ նրա վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից մեկը», շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը:
Խոսելով այլ երկրների հետ համատեղ հակաահաբեկչական գործողությունների մասին՝ Թիլերսոնն ընդգծել է, որ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում ԱՄՆ-ն «պատրաստ է համագործակցել Պակիստանի հետ», սակայն Իսլամաբադը, նրա խոսքով, «պետք է Վաշինգթոնի հետ գործընկեր լինելու ցանկություն ցուցադրի»:
Ինչպես նշել է Թիլերսոնը, ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ԱՄՆ-ն «պատրանքներ չունի ռեժիմի հետ կապված, որի հետ գործ ունի»: Պետքարտուղարը պնդել է, որ ՌԴ-ն «ներխուժել է հարեւան երկրներ՝ Վրաստան եւ Ուկրաինա», ինչպես նաեւ «սասանել է արեւմտյան երկրների ինքնիշխանությունը»՝ միջամտելով ԱՄՆ եւ այլ երկրների ընտրություններին: