6.11.2024
Սեյրան Օհանյանն աջակցելու է ապրիլյան քառօրյայի դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովին
29.01.2020
Սեյրան Օհանյանն աջակցելու է ապրիլյան քառօրյայի դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովին

Հանձնաժողովը պետք է աշխատի և ես աջակցելու եմ դրան: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո հայտարարեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը նակխինում քննադատում էր հանձնաժողովի ձևավորման գործընթացն ու աշխատանքը: Այս անգամ Օհանյանը դրական լույսի ներքո խոսեց հանձնաժողովի աշխատանքի մասին, որը գլխավորում է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Վերջինս լրատվամիջոցների հարցերին պատասխաելիս կանգնած էր Սեյրան Օհանյանի կողքին: Նախկինում Օհանյանը ոչ միայն քննադատաբար, այլև հեգնական տոնով է խոսել հանձնաժողովի մասին: Սեյրան Օհանյանը Forrigths.am-ի հետ զրույցում նախ ասել էր, որ ժամանակին իր նախաձեռնությամբ ապրիլյան պատերազմի վերաբերյալ մեծ, խորը վերլուծություն է արվել և այն ՊՆ-ում է գտնվում և հավելել. «Դա պետք է անել ՊՆ-ում և գաղտնի: Դա իրենք պետք է անեն: Ովքե՞ր են էդ հանձնաժողովում, կեսից շատը բանակում չծառայածներ չեն»: Իսկ ահա այսօրվա նիստից հետո Սեյրան Օահնյանը նշեց, որ իր ունեցած տեղեկությունները փոխանցել է հանձնաժողովի անդամներին ու հավելեց. «Թույլ տանք որպեսզի հանձնաժողովն աշխատի… Մենք հասկանում ենք չէ, թե ինչ տեղեկությունների և ինչ կառույցի մասին է խոսքը: Այդ ռազմական կառույցն իր գործունեությունը ծավալում է գաղտնիության սկզբունքի շրջանակում»: Այնուհետև նա դիմելով լրագրողներին՝ զարմանք հայտնեց, թե ինչու են ուզում այս թեման բացել: «Երբ հակառակորդն է ուզում բացել, ապա դա կարելի է հասկանալ, սակայն անհասկանալի է, որ մենք ենք ցանկանում գաղտնիություն բացել: Որոշ մարդիկ կարող է ցանկանան և դա շահարկեն», - ասաց նա՝ անուղղակիորեն ընդունելով, որ փոխել է իր կարծիքը հանձնաժողովի մասին: Հիշեցմանը, որ ինքը ժամանակին քննադատաբար էր վերաբերում հանձնաժողովին, Օհանյանը պատասխանեց. «Մենք այսօրվա քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքը շարունակի և եզրակացնի…»: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ինքը նման հանձնաժողով չէր կազմի, կամ կազմելիս էլ պաշտպանության նախարարության մասով այլ հանձնարարական կտար: «Օրինակ, որ հանձնաժողովը առանձին աշխատեր պաշտպանության նախարարության հետ: Բայց քանի որ ստեղծվել է հանձնաժողովը, ու այն գործում է ԱԺ-ում, ապա պետք է ավարտին հասցնի իր աշխատանքը: Ես էլ աջակցելու եմ»: Նա նաև հորդորեց ապրիլյան պատերազմի մասով ձեռնպահ մնալ դավադրություններ փնտրելուց, երբ լրագրողները հարց ուղղեցին այն մասին, արդյոք ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ: «Եղել է միայն թուրք-ադրբեջանական դավադարություն: Ես կարող եմ փարատել բոլոր մտավախությունները: Վերջակետ դրեք սրան», - շեշտեց պաշտպանության նախկին նախարարը: Վերջում նա հավելեց, որ ԱԺ այցի ժամանակ զուտ քաղաքավարիության ու բարեկրթության կանոններից ելնելով հանդիպել է նաև խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին: «Ոչ մի քաղաքական հարց չեմ քննարկել, զուտ բարեկրթության կանոններից է բխել մեր ահնդիպումը», - ասաց նա: