Պատերազմին մասնակցած շուրջ 10 հազար շահառու հոգեբանական վերականգնման ծառայություն կստանա
ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին կիրականացվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության (10 հազար շահառու) հոգեբանական վերականգնման միջոցառումը։
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը 100 մլն դրամ հատկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար:
Նշվում է, որ թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով ԱԻՆ-ի կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման հրատապ բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»:
Ծառայությունը մատուցվելու է մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում: