6.11.2024
Որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. ոստիկանապետի պաշտոնակատար
30.01.2020
Որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. ոստիկանապետի պաշտոնակատար

Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրել է իր գործառույթները՝ օրենքի սահմաններում: Այս մասին հունվարի 30-ին լրատվամիջոցներին ասել է ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ պատասխանելով օրեր առաջ «Ադեկվատ» միաբանության անդամների և «Վետո» շարժման հիմնադրի նկատմամբ ոստիկանության գործողությունների իրավաչափության մասին հարցերին: Սարգսյանը շեշտեց՝ ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով բերման են ենթարկվում անձինք, և տեղեկությունների իսկության ստուգումից հետո ազատ են արձակվում սահմանված ժամկետում։ «Հնարավոր է նույն անձին պարբերաբար բերման ենթարկեն, նկատի չունեմ այդ չորս անձանց, այլ առհասարակ»,- ասաց ոստիկանապետի պաշտոնակատարը։ Հարցին, թե ինչու բերման ենթարկեցին հատուկ նշանակության վարչության աշխատակիցները, պաշտոնյան պատասխանեց․ «Որովհետև տվյալները ստացվել էին քրեական ոստիկանությունում, իսկ այդ հատուկ նշանակության աշխատակիցները քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ են»։ Բերման ենթարկվածների նկատմամբ քաղաքական հետապնդման մասին հարցին ի պատասխան Արման Սարգսյանը նշեց, որ «ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում, և եթե իրականացվեր, թե խոսքի, թե գործելակերպի ազատություն չէինք ունենա»։ «Որևէ հետապնդման մասին խոսք լինել չի կարող թե՛ չորս անձանց, թե՛ մնացածի առումով»,- հայտարարեց ոստիկանապետի պաշտոնակատարը։