ԵՏՀ-ն Հայաստանին շաքարավազի անմաքս ներմուծման արտոնություն է տրամադրել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել սակագնային արտոնություն տրամադրել 2021 թվականի մայիսի 15-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում շաքարի անմաքս ներմուծման համար:
Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամլո ծառայությունը, ներմուծման մաքսատուրքից ազատվում է 22,4 հազ.տոննայից ոչ ավելի ծավալով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող շաքարը, Ղազախստանի Հանրապետություն՝ 134,4 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով, Ղրղզստանի Հանրապետություն՝ 40 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով, Ռուսաստանի Դաշնություն՝ 350 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով:
«ԵՏՀ Կոլեգիան Միության պետությունների հետ համատեղ ամսական կտրվածքով կիրականացնի շաքարի ներմուծման փաստացի ծավալի մոնիթորինգ՝ սակագնային արտոնության կիրառմամբ, ինչպես նաև ԵԱՏՄ պետությունների ներքին շուկայում իրացման ծավալների կիրառմամբ և այդ մասին կտեղեկացնի ԵՏՀ խորհրդին: Հաշվի առնելով շաքարավազի շուկայում գների հետ կապված իրավիճակը՝ պայմանավորվել են ընթացիկ տարվա հուլիսին վերադառնալ հնարավոր լրացուցիչ կայունացման միջոցների մասին հարցի քննարկմանը, եթե դրանք անհրաժեշտ լինեն», – նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Բացի այդ, հանձնաժողովի հարթակում կկազմակերպվի շահագրգիռ սպառողների եւ արտադրողների փոխգործակցությունը՝ Միության պետությունների ներքին շուկաներ շաքարի օպերատիվ մատակարարումներն ապահովելու համար։ ԵՏՀ Խորհուրդը նաև որոշել է առաջարկություններ պատրաստել ԵԱՏՄ շաքարի շուկայի կայուն զարգացման վերաբերյալ:
Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։