Վրաստան կատարած այցի շրջանակներում Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլու հետ: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան Facebook-յան էջից: Պետնախարարը հանձնակտարին ներկայացրել է քաղաքացիական ինտեգրման ուղղությամբ Վրաստանի կառավարության ռազմավարությունն ու առաջնահերթությունները: Քեթևան Ցիխելաշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարության համար կարևոր է ինչպես այլ ազգությունների լիարժեք ինտեգրումը, այնպես էլ ազգային ինքնության պահպանման խրախուսումը: Այս համատեքստում հատկապես կարևորվել է էթնիկ լեզվի ուսուցման շարունակականության ապահովումը, ինչպես նաև պետական լեզվի իմացության մակարդակի բարելավումը: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ Վրաստանի հայ համայնքը յուրահատուկ է և մյուս համայնքներից առանձնանում է իր պատմական հետագծով: Հանձնակատարն ընդգծել է, որ մեզ համար կարևոր է հայերի լիակատար ներգրավվածությունը բնակության երկրների հասարակություններին և հանրային կյանքի տարբեր բնագավառներին՝ միևնույն ժամանակ պահպանելով հայ ինքնությունն ու մշակույթը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Այսօր Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, զարգացման հեռանկարները: Զարեհ Սինանյանը նշել է, որ Վրաստանի հայ համայնքի հետ աշխատանքում իր գրասենյակը կարևորում է ինքնության պահպանումն ու երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներին հայ բնակչության լիարժեք ինտեգրումը, հանրային ակտիվության մակարդակի բարձրացումը: