Ես միշտ ասել եմ` ես բուժքույր եմ, հասարակագետ՝ միտումնավոր, բարոնուհի՝ ի զարմանս ինձ: Լորդերի պալատում ես ուզում եմ իմ դերն օգտագործել եւ իմ ձայնը լսելի դարձնել այն մարդկանց համար, որոնց ձայները լսելի չեն: Հայերի ձայնը եւս բավականաչափ լսելի չէ բրիտանական կառավարությունում: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Նշենք, որ բարոնուհին Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար:
"Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ Արցախի ժողովրդին, քանի որ գտնվում են հավատքի եւ ազատության պայքարի ճակատում՝ վճարելով այդպիսի բարձր զոհաբերություն: Դուք պատերազմում էիք, եւ մենք ականատես եղանք ռազմագերիների տառապանքին, որը շարունակվում է:
Ես զայրույթով լի եմ բրիտանական կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Մենք չենք անում առավելագույնը, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր գործած հանցագործությունների համար. անպատիժ չթողնենք ռազմագերիներին պահելու հանգամանքը եւ այլ ռազմական հանցագործությունները: Այսպիսով, ես կցանկանայի տեսնել ավելի մեծ ճնշում միջազգային հանրության կողմից, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի դատարանում:
Ինչպես միշտ, մեծ հիացմունքով լի եմ Հայաստանի հանդեպ: Հայաստանը հրաշալի երկիր է իր արվեստով, երաժշտությամբ, մշակույթով եւ ժողովրդավարությամբ: Իմ սերը մեծ է Հայաստանի եւ Արցախի հանդեպ",- հայտարարել է նա:
Կայացել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարոնուհի Քերոլայն Քոքսի առանձնազրույցը:
Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ իր համար անձնապես մեծ պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին Ազգային ժողովում:
ԱԺ նախագահը եւ բարոնուհի Քոքսը քննարկել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավմանը, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ռազմագերիների եւ այլ անձանց հայրենիք վերադարձին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղելու ջանքերը միջազգային գործընկերների հետ աշխատանքներում:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Քերոլայն Քոքսին` շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու եւ այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար: