ՀՀ-ն Չինաստանից որպես նվիրատվություն կստանա CoronaVac պատվաստանյութի 100 հազար դեղաչափ
Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութ Հայաստանում կլինի՝ 100 հազար դեղաչափ, որը 50 հազար հոգու համար է: Այդ մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շեշտելով, որ պատվաստանյութն անհրաժեշտություն է, ոչ թե շքեղություն:
Նրա խոսքով, Novavax-ի ժամանման մասին այս պահին դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, սակայն նախնական համաձայնությունն ունենք: «Ընթացքում արդեն կկոնկրետացվեն ժամկետները, քանակները», - ասել է նա՝ նկատելով, որ Հայաստանը դիտարկում է կորոնավիրուսի դեմ այն բոլոր պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորությունը, որոնք համապատասխանում են չափանիշներին, ստացել են անհրաժեշտ արտոնագիրը. միայն գինը չէ չափանիշը, որով ընտրություն է կատարվում:
Նրա խոսքով, Հայաստանում 1 տարվա ընթացքում կպատվաստվի բնակչության մինչև 20 տոկոսը:
«Դրա համար ընդհանուր պատվաստանյութերի բաշխման վերաբերյալ շատ դժվար է կանխատեսումներ անել: Եվ մենք կարծում ենք, որ իմ կողմից հնչեցված մինչև 600-700 հազար բնակիչներին պատվաստելու արդյունքում և հաշվի առնելով, որ երեխաները պատվաստման շրջանակից դուրս են, և այն անձինք, որոնք նաև մասնավոր հիմունքներով կպատվաստվեն, մենք կունենանք հանրային իմունիտետի բավարար շեմը: Միանշանակ կշարունակվեն պատվաստումները, բայց արդեն բավարար շեմ կունենանք՝ ավելի հանգիստ ապրելու համար», - ասել է նա:
Ապրիլի 26-ին Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14 000 անձի համար: Մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկ ապրիլի 8-ին ներկրվել է «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7 500 անձի համար։