Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել BBC Weekend ծրագրին, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին: Արա Այվազյանն ընդգծել է, որ այդ ուղերձը նշանակալի ներդրում ունի Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Արա Այվազյանն անդրադարձել է նաև հարցին, թե ի՞նչպիսի ազդեցություն կունենա Բայդենի հայտարությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա:
Հարց. Ո՞րն է ձեր պատասխանը Նախագահ Բայդենի հայտարարությանը: Մի՞թե սա այն էր, ինչ ակնկալում էիք:
Արա Այվազյան. Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է հանուն պատմական արդարության, իր պատմական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանքի համար: Մենք ողջունում ենք նախագահ Բայդենի հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ-ն հստակորեն սահմանում է 20-րդ դարում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունները որպես ցեղասպանություն: Հիշեցնենք, որ 2019թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող համապատասխան բանաձևեր են ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը:
Երեկ մենք ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ինչպես այստեղ՝ Հայաստանում, այնպես էլ՝ աշխարհի տարբեր անկյուններում մենք ականատես եղանք միջազգային հանրության հաստատուն համերաշխության, աջակցության բազմաթիվ հզոր ուղերձների, որոնք ոգևորում են մեզ՝ բազմապատկելու մեր համատեղ ջանքերը՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման միջազգային պայքարում:
Հարց. Պարո՛ն Այվազյան, արդյո՞ք կարծում եք, որ այլ երկրներ նույնպես կհետևեն այդ օրինակին:
Արա Այվազյան. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է: Այս ուղերձը նշանակալի ներդրում ունի Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Այսօր ԱՄՆ իշխանությունները միանշանակորեն վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին:
Հարց. Պարո՛ն Այվազյան, ըստ Ձեզ՝ ի՞նչպիսի ազդեցություն կունենա Ջո Բայդենի հայտարարությունը Թուրքիայի հետ ձեր հարաբերությունների վրա:
Արա Այվազյան. Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական և ագրեսիվ քաղաքականություն` անկախության վերականգնումից ի վեր՝ սկսած 1991 թվականից: Թուրքիան մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փակեց սահմանը և Հայաստանի դեմ վարեց հետզհետե աճող թշնամական քաղաքականություն։ Ավելին` Թուրքիան ուղղակիորեն ներգրավվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայում՝ մեր տարածաշրջան ուղարկելով հազարավոր օրաերկրյա զինյալ ահաբեկիչների:
Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս շատ կարևոր հայտարարությունը ճանապարհ կհարթի երկխոսության և, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար: Այն նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:
Հարց. Ինչպիսի՞ դեր սա կխաղա հարաբերությունների հնարավոր կարգավորման գործում: Ոմանք պնդում են, որ այդ հայտարարությունը խաղաքարտ կդառնա նախագահ Էրդողանի ձեռքում, որպեսզի շահի իր հասարակության աջակցությունն ընդդեմ ԱՄՆ-ի:
Արա Այվազյան. Կարծում եմ, որ սա հիմք է ստեղծում Թուրքիայի հասարակության համար՝ առերեսվելու պատմության էջերին։ Այն նաև դրդում է հասարակությանը հարցեր բարձրաձայնել իրենց պատմության ողբերգական էջերի մասին: Կարծում եմ՝ դա նաև հող կստեղծի երկու հարևան երկրների միջև երկխոսության համար: Երկու հարևան երկրների միջև ստեղծվել էր անջրպետ, և կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ կլինի մեր հարաբերությունների կարգավորման համար: