30.11.2024
ԼՂ հակամարտության վերաբերյալ պայմանավորվածությունները պետք է կատարվեն. Ֆրանսիայի դեսպան
14.02.2017
ԼՂ հակամարտության վերաբերյալ պայմանավորվածությունները պետք է կատարվեն. Ֆրանսիայի դեսպան

2016 թվականը Հայաստանի եւ Ֆրանսիայի համար երկկողմ հարաբերությունների տեսանկյունից հագեցած տարի էր։ Հունվարին այցով Հայաստանում էր Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար տիկին Ժիրարդիենը։ Դրան հաջորդեց ապրիլ ամսին Եվրոպական հարցերով պետքարտուղար պարոն Արլեմ Դեզիրի այցը Հայաստան։ Հոկտեմբերին Հայաստան այցելեց Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոն, իսկ դեկտեմբերին գումարվեց ապակենտրոնացված երկկողմ համագործակցության երրորդ համաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, որով նախանշվեց երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Վարկեր եւ օժանդակություն Ֆրանսիայից Տնտեսական առումով, նշում է դեսպանը, կողմերն անցած տարում ևս առաջընթացներ և հաջողություններ են գրանցվել: Դիվանագետը, նախ, նշեց ՀՀ ողջ տարածքում ջրամատակարարում ապահովող ֆրանսիական «Վեոլիա» ընկերության հետ ստորագրած պայմանագиրը։ «Բացի այդ, ֆինանսական տեսանկյունից ևս տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, մասնավորապես վարկերի հատկացման երկու պայմանագրերը կնքվեցին: Մեկը՝ 75 միլիոն եվրո արժողությամբ Զարգացման ֆրանսիական գործակալության հատկացրած գումարն է՝ ուղղված Վեդու ջրամբարի կառուցմանը, մյուսը՝ 40 միլիոն բյուջետային վարկն է, որը ևս տրամադրվեց ՀՀ-ին», - հիշեցրեց դեսպանը։ Զարգացումներ են տեղի ունեցել նաեւ կրթական ոլորտում: Այստեղ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շեշտեց ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանը, որն անցնող տարում նշեց իր հիմնադրման 15 ամյակը: «Այն ՀՀ-ում արդեն ստեղծել է շրջանավարտների մի ցանց, որի նպատակը ՀՀ շրջանավարտների և ներկա ուսանողների միջև մշտական կապը պահպանելն է», - ասաց նա։ Ինչ վերաբերում է զարգացման և համագործակցության ընդհանուր քաղաքականությանը, դեսպանն ընդգծեց, որ 2016 թվականին Ֆրանսիան Հայաստանին 20 միլիոն դոլարի օգնություն է հատկացվել։ «Սա գալիս է ապացուցելու, որ ուղղորդվող օժանդակություններն աճել են 5 անգամ, և այս առումով Ֆրանսիան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո», - ասաց նա։ Միեւնույն ժամանակ Ֆրանսիայի դեսպանը հավելեց, որ կան շատ ծրագրեր, որոնք կքննարկվեն պետական այրերի ամենաբարձր մակարդակով հանդիպումներին։ «Այդ մասին Ֆրանսիայի հանրապետության նախագահի կողմից եղավ հայտարարություն, համաձայն որի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 8-ին հրավիրված է Ֆրանսիա», - ասաց Շարպանտիեն՝ հավելելով, որ այցի ընթացքում բացի պետական պաշտոնյանից, նախատեսվում է Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի գործարար համայնքի հետ։ «Սա լավ հնարավորություն է նաեւ ֆրանսիական գործարարներին ներկայացնելու Հայաստանի գրավչությունը ներդրումների համար», - ասաց դիվանագետը: Այս համատեքստում նա կարեւորեց Հայաստանում մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացումը: Հայաստան-ԵՄ հարաբերություններ ՀՀ-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացը Ֆրանսիայի դեսպանի կարծիքով մոտ օրերս կավարտվի, ինչը ենթադրում է պայմանագրային նոր համաձայնության ստորագրում։ «Մնում են դեռևս մի քանի կետեր, որոնց վերաբերյալ Եվրամիությունն ու Հայաստանը պետք է համաձայնության գան», - նշեց նա՝ հավելելով, որ բանակցություններում դեռ չհամաձայնեցված կետերից է աշխարհագրական տեղանուններով պայմանավորված տարբեր ապրանքների «բրենդերի» խնդիրը։ Խոսքը տվյալ դեպքում հատկապես վերաբերում է «Կոնյակ» բրենդին, որը Ֆրանսիայում աշխարհագրական տեղանուն է: Ֆրանսիական կողմը պահանջում է, որպեսզի Հայաստանը տվյալ ոգելից խմիչքը «Կոնյակ» բրենդով չարտադրի ու տարածի, ինչն անընդունելի է Հայաստանի համար: «Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է: Ֆրանսիան պաշտպանում է աշխարհով մեկ աշխարհագրական տեղանուններով պայամանովրված իր ապրանքանիշերը: Կոնկրետ ինչ վերաբերում է կոնյակին, ապա միայն այս ոլորտում Ֆրանսիայում տարեկան ապշանքաշրջանառությունը հասնում է երեք մլրդ եվրոյի: Ուստի այս հանգամանքը պետք է հաշվի առնել: Հայաստանի համար եւս այդ ապրանքանիշը մեծ կարեւորություն է ներկայացնում: Երբ ասում ենք Ֆրանսիայի դիքորոշումը սկզբունքային է, ապա դա չի նշանակում, որ մենք այս հարցում համաձայնության չենք կարող գալ», - հավելեց դեսպանը: Միեւնույն ժամանակ դիվանագետը նշեց, որ Եվրամիություն-Հայաստան բանակցությունները գոհացնող պայմաններում են տեղի ունենում, և շուտով կստորագրվի երկուստեք բավարարող համաձայնագիր։ «Բանակցային պայմանագիրը ստորագրելուց հետո բոլոր հնարավոր ոլորտներն ավելի կընդարձակվեն, որոնք ներառում են Ֆրանսիայի հետ համագործակցությունը, քաղաքական երկխոսությունը, տնտեսական ցանկացած հարցերի ամբողջությունը», - ասաց նա։ Նրա գնահատմամբ, բանակցային գործընթացը Եվրամիության հետ այժմ ընթանում է նոր ոգով, ե կնքվելիք շրջանակային համաձայնագիրը «իր բնյութով տարբեր է լինելու» 2013 թ-ին բանակցված, բայց չկնքված Ասոցիացիայի համաձայնագրից: «Եթե 2013 թվականին ակնկալվող ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը ենթադրում էր ազատ ապրանքաշրջանառության գոտիների ստեղծում Եվրամիության և Հայաստանի միջև, ապա այս նոր պայմանագրում այդ դրույթը բացակայում է։ Սա նշանակում է, որ ապագա ակնկալվող համաձայնագիրը բնույթով շատ տարբեր է լինելու։ Միանգամայն տարբեր լինելով հանդերձ՝ ամենևին չի նշանակում, որ նոր ակնկալվող Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը չի լինելու մեծ կարևորությամբ օժտված ծրագիր թե՛ Եվրամիության, թե՛ ՀՀ-ի համար», - բացարտեց ՀՀ-ում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարը։ ԼՂ հակամարտությունը եւ Ֆրանսիան Ասուլիսին դեսպանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ջանք չեն խնայում, որպեսզի բանակցային գործընթացում նորից ստեղծեն երկխոսության հիմքեր: «Երեք համանախագահներն էլ համոզված են, որ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից զատ այլ լուծում չունի: Ստեղծված իրավիճակը չի կարող ընդունելի լինել հակամարտության կողմերից և ոչ մեկի համար, որովհետև կան երկուստեք զոհեր և ոչ միայն ապրիլյան դեպքերի ընթացքում, այլև մինչև այսօր շարունակվում են շփման գծում»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ այս իրավիճակը չի կարող այլևս շարունակվել: Այս համատեքստում նա կարեւորեց տարբեր մակարդակներում կողմերի միջեւ կայացած համաձայնությունների կատարումը: Հակամարտության հանգուցալուծմանը հասնելու համար անհրաժեշտ է իրագործել տարբեր մակարդակներում տեղի ունեցող հանդիպումների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները և հանձնառությունները: Խոսքը, ըստ դեսպանի վերաբերում է նաեւ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում Սարգայն-Ալիեւ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Նա վստահեցրեց, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպելու նոր հանդիպում հակամարտող կողմերի պաշտոնական ներկայացուցիչների միջեւ: «Ֆրանսիան պատրաստակամություն է ցուցաբերում աջակցելու և հյուրընկալելու նմանատիպ հանդիպումներ, ինչպես այդ մասին վերջերս իր խոսքում նշեց նախագահ Ֆրանսուա Օլանդը», - ասաց նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ հակամարտության կարգավորումը կախված է կողմերից, այլ ոչ թե միջնորդներից: «Ի վերջո, կարևոր է մեկ հանգամանք գիտակցել, որ հակամարտության լուծումը միջնորդներից չէ, որ կախված է: Այն պայմանավորված է հակամարտող կողմերի ցուցաբերած քաղաքական կամքով»,- ընդգծեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Փոփոխովող Արեւմուտքը Ասուլիսի ավարտին դեսպանն անդրադարձավ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ ընտրվելու եւ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու ֆոնին Եվրամիությունում տեղի ունեցող գործընթացներին: «Երկիր մոլորակի արևմտյան հատվածում տեղի է ունեցել ընտրախավի դիրքորոշման փոփոխություն, քանի որ շատ դեպքերում մարդիկ քվեատուփերում արտահայտում են այնպիսի ցանկություններ, որոնք գուցե և դուրս են մնացել նման գործընթացները վերլուծող մարդկանց ուշադրությունից։ Բոլոր այդ գործընթացներն անակնկալի տեղիք տվեցին։ Համենայն դեպս, պետք է լավատեսորեն տրամադրվել։ Լավատեսության էությունն այն է, որ ժողովրդավարությունը գործում է։ Երբ ընտրողը գոհ չէ ինչ֊-որ իրավիճակից, իր դժգոհությունն անմիջապես արտահայտվում է ընտրության մեջ։ Այն, որ քվեատուփերի արդյունքները կարող են անակնկալի բերել, իրողություն է, բայց մյուս կողմից դա ապացուցում է, որ այդ մեխանիզմը գործում է», - եզրափակեց Ֆրանսիայի դեսպանը։