Ռոհանին մարտի 27-28-ին կայցելի Մոսկվա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 27-28-ին պաշտոնական այցով Մոսկվայում կլինի: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը:
Ռոհանին եւ Պուտինը առանձնազրույց կունենան մարտի 28-ին:
«Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն ռուս-իրանական համագործակցությանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը: Հատուկ ուշադրություն կդարձնեն առեւտրատնտեսական եւ ներդրումային կապերի զարգացման հեռանկարներին, այդ թվում՝ էներգետիկայի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում խոշոր համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում: Բանակցությունների արդյունքում մի շարք երկկողմ փաստաթղթեր կստորագրվեն»,- ասված է հաղորդագրությունում:
Մոսկվան ու Թեհրանն ունեն շատ ընդհանուր խնդիրներ, որոնք կարող են համատեղ լուծել, այդ թվում Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում։ Չնայած դրական և բացասական կարծիքների, Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ ու ունեն մեծ նշանակություն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատակից, պրոֆեսոր Վլադիմիր Սաժինը։
Նրա խոսքով, Իրանում և ՌԴ–ում առկա են երկկողմ հարաբերությունները խորացնելու դեմ արտահայտվողներ, սակայն օբյեկտիվ տենդենցները խոսում են խնդիրները համատեղ լուծելու անհրաժեշտության մասին։
Ըստ նրա, ՌԴ–ի և Իրանի համագործակցությունը պետք է լինի պրագմատիկ, փոխանցում է riafan.ru կայքը։
Նա նշել է, որ ՌԴ–ը և Իրանը շատ հատման կետեր ունեն առևտրա–տնտեսական ոլորտում։ Փորձագետը հավելել է, որ ՌԴ–ի համար ձեռնտու է իրանական շուկան ու արտահանումը, իսկ ներկրման առումով ՌԴ–ը ներկրում է Իրանից սննդային արդյունաբերության արտադրանք: