Ռազմական, թե ռազմա–փրկարարական տեխնիկա. Ի՞նչ էին տեղափոխում Վրաստանով ՀՀ
23.03.2017
Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության ղեկավարներից Նուգզար Ցիկլաուրին համացանցում տեղադրել է հոլովակ, որում երևացող ռուսական պետհամարանիշներով բեռնատարները, ըստ նրա, Բոլնիսից Հայաստան էին տեղափոխում ռազմական տեխնիկա։
Վրաստանի խորհրդարանի պաշտպանական հարցերով կոմիտեի քարտուղար Իրակլի Սեսիաշվիլին հերքել է այդ հայտարարությունը՝ նշելով, որ տեխնիկան ռազմափրկարարական էր։ Սեսիաշվիլին մասնավորապես ասել է. «Այո, իրոք Բելառուսի քաղաքացիները տեղափոխել են ռազմական տեխնիկա, սակայն դա ոչ թե մարտական էր, այլ՝ փրկարարական ԳԱԶ-34 (ԳԱԶ-34 039 — Ռազմինֆո)։ Դրանք նախատեսված են փրկարարական աշխատանքների համար, և նրանց վրա զենք տեղադրված չէր։ Դա չի խախտում Վրաստանի օրենսդրությունը»։
Միջադեպը մեկնաբանել է նաև Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ տեխնիկան քաղաքացիական էր, իսկ Ռուսաստանը և Հայաստանը մի քանի տարի է, ինչ ռազմական տեխնիկա տեղափոխելու թույլտվության հարցով Վրաստանին չեն դիմել։
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը հայտարարել է, որ պաշտոնական տվյալներով` 2008թ.–ի պատերազմից հետո Վրաստանի տարածքով ռուսական բեռների տեղափոխություն դեպի ռուսական 102-րդ ռազմակայան չի իրականացվեն։ Վրաստանի տարածքով ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխության մասին մասին համաձայնագիրը ստորագրվել է 2006թ.–ի մարտի 31–ին`Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման համաձայնագրի հետ միասի։ Վրաստանի խորհրդարանը վավերացրել է այն 2007.–ին։
2008թ.ի պատերազմից երկու տարի անց` 2011թ.–ի ապրիլին, Վրաստանի խորհրդարանն որոշում է կայացրել դադարեցնել`Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների տեղափոխության համաձայնագիրը։ Այդ քայլը դե–յուր արգելել է վրացական տարածքով դեպի ՀՀ–ի ու ռուսական 102–րդ ռազմակայան, որը գտնվում է ՀՀ–ի տարածքում, ռազմական բեռներ և անձնակազմ տեղափոխել։ Այդ մասին Մելիքյանը նշել է Facebook–ի իր էջում։
Խոսքը, ենթադրաբար, ԳԱԶ-34039 թրթուրավոր ամենագնացի մասին է։ Մեքենան նախատեսված է ծանր կլիմայական պայմաններում և բարդ ճանապարհներում մարդկանց և բեռների տեղափոխման համար։
Հատկանշական է , որ "Վրացական երազանքի" իշխանության գալուց հետո, մեր տեղեկություններով, Երևանին ու Թբիլիսիին հաջողվել է պայմանավորվել ռազմական բեռների տարանցման մասին: Ամեն դեպքում, արդեն իսկ փոխվել է Թբիլիսիի վերաբերմունքը ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ: Թբիլիսին այլեւս այն չի դիտարկում որպես վտանգ:
2013թ.–ին Երևան այցի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարաել է, որ հայկական կողմը թույլ չի տա, որպեսզի այդ ռազմակայանն օգտագործվի ի վնաս Վրաստանի շահերի։