Հիշեցնում եմ այս գրառումս, որ վաշինգտոնյան ակտը որոշակի իմաստով, այսպես ասեմ՝ մարտավարական իմաստով իսկապես բխում է Ռուսաստանի ու Իրանի շահից:
Հիշեցնում եմ, եւ ներկայացնում այսօր ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը. «Մենք այս հարցը քննարկում ենք հետևյալ հարթության վրա։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իր համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին: Եթե նրանք կարծում են, որ Վաշինգտոնում համապատասխան հռչակագրի ստորագրումը ապահովում է ավելի մեծ անվտանգության երաշխիքներ, ապա դա լավ է, քանի որ մենք նույնպես աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին»:
Ես հենց սկզբից ձեր ուշադրությունն եմ հրավիրել հանգամանքին, որ օգոստոսի 8-ի հանդիպումից երկու օր առաջ Մոսկվա է այցելել Թրամփի ամենավստահելի անձանցից մեկը՝ Սթիվ Ուիտկոֆը, որը մերձավորարեւելյան հարցերի նրա հատուկ բանագնացն է: Ուիտկոֆը հինգերորդ անգամ էր այցելում եւ բանակցում ՌԴ նախագահի հետ:
Նրա այցից հետո հայտարարվեց, որ համաձայնեցվել է Պուտին-Թրամփ հանդիպման տեղն ու ժամանակը, ինչը նշանակում է, որ ձեռք են բերվել հիմնարար համաձայնություններ:
Դրանից երկու օր անց Վաշինգտոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական հանդիպումը: Չի կարող համաձայնեցվել Պուտին-Թրամփ հանդիպում, եթե երկու օր հետո Վաշինգտոնում կատարվեօու է մի բան, որը ռազմավարական կորուստ կամ պարտություն է լինելու ՌԴ համար:
Ես մատնանշել եմ նաեւ, որ Ուիտկոֆն է Վաշինգտոնում առաջինը հանդիպել թե Նիկոլ Փաշինյանի, թե Իլհամ Ալիեւի հետ:
Այլ հարց է, որ ձեզ մատուցվում է, թե Ռուսաստանն է այս ամենից միակ կորցնողը: Երկու օր առաջ ես ձեզ խոստացա անդրադառնալ, թե ի՞նչն է այդ «նարատիվի» իմաստը: Ժամանակը չբավականացրեց անել դա, բայց հիմա, քանի որ առկա է նոր առիթ, ներկայացնել գնահատականս:
«Ռուսաստանն է միակ կորցնողը» նարատիվը ունի գերազանցապես ներքաղաքական մոտիվ: Այդպիսով, փորձ է արվում Հայաստանի վարած մեղմ ասած անարդյունավետ քաղաքականության հանդեպ որեւէ ընդդիմախոսություն անմիջապես պիտակավորել «գուբերնիստական», այդ կերպ նենգափոխելով թեման, խուսափելով առարկայական բանավեճից, եւ իհարկե փորձելով հավաքել միավորներ:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում լուծել է մի հարց՝ խորհրդարանի ընտրությունից առաջ էլեկտորալ խաղաքարտ ստանալու հարցը: Երբ Վաշինգտոնում տեղի ունեցածի, նաեւ հետագայում հանրայնացված խաղաղության պայմանագրի բովանդակությունը ենթարկվում է առարկայական, կետ առ կետ քննարկման ու ընդդիմախոսության, դա խանգարում է էլեկտորալ խաղաքարտը անկաշկանդ խաղարկելուն, ստիպում է գտնել հակափաստարկներ, որոնց հիմքերը պարզապես չկան, որովհետեւ չկան Հայաստանի համար էական հաջողություններ այդ թղթերում:
Հետեւաբար, մնում է իրավիճակը նենգափոխելը, հարցը «գուբերնիզմի» եւ «ինքնիշխանության» դեկլարատիվ վերացականության դաշտ տանելը:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան