22.04.2026
Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է տնտեսական դիմակայունության ամրապնդմանն առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

«Արցախ» միությունը ՀՀ իշխանությունից պահանջում է վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը

Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ Արցախ Միությունը շեշտում է, որ այս նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության բացարձակ լռության և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող փաստացի խրախուսական հայտարարությունների ու անգործության ուղղակի հետևանքն են։


Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը ոչ միայն Արցախի ժողովրդի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է, այլև միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են հատկապես հետևյալ միջազգային փաստաթղթերը.


1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» և դրան կից արձանագրությունները.


2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագիրը՝ «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ».


Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան.


Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023թ. Նոյեմբերի 17-ի հրամանները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության թիրախավորումը:


 Արցախ Միությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը և ձեռնարկել հետևյալ անհապաղ քայլերը.


Դադարեցնել ագրեսորին խրախուսող հռետորաբանությունը, որը միջազգային հարթակներում ստեղծում է անպատժելիության պատրանք և լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցավոր վարքագիծը.


Անհապաղ դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ գործող միջպետական գանգատի շրջանակներում նոր միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով՝ հիմնվելով Ստեփանակերտի Մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման թարմ ու ապացուցված փաստերի վրա.


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ որպես ԱՄԴ հրամանների պարբերական և կոպիտ խախտող պետություն.


Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը դարձնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի անկյունաքարային նախապայման և այն ներառել միջնորդ ԱՄՆ-ի հետ երկխոսության օրակարգում:


 Միջազգային կառույցների և դոնոր կազմակերպությունների շարունակական լռությունը հավասարազոր է հանցակցության։ Մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը միջազգային հանցագործություն է, որը սպառնում է համամարդկային քաղաքակրթությանը։ Մենք կոչ ենք անում.


Կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ.


Անհապաղ ապահովել միջազգային անկախ դիտորդական առաքելության մուտքը բռնազավթված տարածքներ՝ մնացած հուշարձանների վիճակը գնահատելու և հետագա հանցագործությունները կանխելու համար:


Հայաստանի Հանրապետությունը, որպես հայկական ժառանգության ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու առաջնային սուբյեկտ և ԱՄԴ դիմումատու կողմ, պարտավոր է գործել վճռական կերպով։ Անգործությունը և լռությունը միայն նոր դռներ են բացում հաջորդող հանցագործությունների համար։


 


 


 

Քննարկվել են Հայաստանի և Իրաքի իրավապահ համակարգերի մոդելների առանձնահատկությունները
Հաջորդ նորություն next
 Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»
21.04.2026
Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»