Հայաստանը 40 մլն դրամ կհատկացնի Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին
Ֆոտո՝ primeminister.am
Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից 40 միլիոն դրամ կտրամադրի Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի տեխնիկական և հեռահաղորդակցային հագեցման համար։
Ապրիլի 18-ի նիստում ընդունված որոշմամբ ֆինանսական միջոցները կփոխանցվեն Արտաքին գործերի նախարարությանը՝ մայիսի 4-ին մայրաքաղաքում կայանալիք բարձրաստիճան միջոցառման կազմակերպչական կարիքները հոգալու նպատակով։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ժամկետների սղության և հրատապության պատճառով սարքավորումների մատակարարումը պետք է ավարտվի մինչև ապրիլի 20-ը, ուստի գնումն իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով։
Ներքին գործերի նախարարության և Պետական պահպանության ծառայության կողմից երաշխավորված չորս ընկերություններին ուղարկված հարցումներին արձագանքել են «ՀԵՆՄԱՐՔՈՄ» և «Տոպազ-95» ՍՊԸ-ները, որոնցից էլ կարվեն անհրաժեշտ գնումները։
Արարողակարգային ծառայության տեխնիկական վերազինումն իրականացվում է 2026 թվականի պետական բյուջեի համապատասխան ծրագրի շրջանակներում։ Գործադիրն ընդգծում է, որ գագաթնաժողովի պատշաճ հյուրընկալումն ուղղակիորեն բխում է կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որի առանցքային նպատակներից է Եվրամիության և նրա անդամ պետությունների հետ բազմակողմ համագործակցության ամրապնդումը։