Կհատկացվի 284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման համար
Լուսանկարը` sputnik
Հայաստանի կառավարությունը հաստատել է Համաշխարհային բանկի հետ շուրջ 284,4 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագրերի կնքումը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մոտ 109 հազար անձանց համար ապահովել երկարաժամկետ բնակարանային լուծումներ և խթանել երկրի հիփոթեքային շուկայի զարգացումը։
Ապրիլի 18-ի նիստում ընդունված այս որոշմամբ հստակեցվում են ֆինանսավորման աղբյուրները։ Փաթեթի հիմնական զանգվածը՝ 240 միլիոն դոլարը, ներգրավվելու է որպես վարկային միջոց, իսկ 24,4 միլիոնը կտրամադրվի Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից (GCFF)՝ դրամաշնորհի տեսքով։
Ծրագիրը կհամալրվի նաև «Կենսունակ մոլորակ» հիմնադրամի 10 միլիոն դոլար դրամաշնորհով, ևս 10 միլիոն դոլար վարկ էլ՝ կառավարության երաշխիքով, կուղղվի անմիջապես Ազգային հիփոթեքային ընկերությանը։
Աջակցության ծրագիրը գործելու է մի քանի ուղղություններով։ Նախատեսվում է ուղղակի ֆինանսական օգնություն տրամադրել փախստականներին՝ վարձավճարների և կոմունալ ծախսերի մարման համար, ինչպես նաև սուբսիդավորել պետական ծրագրի շահառուների հիփոթեքային վարկերի կանխավճարներն ու ամսական մուծումները։
Մեկ կարևոր բաղադրիչով նախատեսվում է ֆինանսական կազմակերպությունների համար բացել վարկային գիծ՝ հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման նպատակով։ Ծրագիրն իր մեջ ներառում է նաև թվային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:
Ծրագրի իրագործումը վերապահված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ նախագիծը 2024 թվականի մայիսին մեկնարկած պետական աջակցության ծրագրի տրամաբանական շարունակությունն ու ընդլայնումն է։
Պաշտոնական տվյալներով՝ մինչ օրս բնակարանային հավաստագիր է ստացել 4735 ընտանիք, որոնցից 2113-ն արդեն հասցրել է բնակարան գնել՝ պետական բյուջեից ստանալով ավելի քան 4,2 միլիարդ դրամ։ Միջազգային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ֆինանսավորումը կհատկացվի փուլ առ փուլ՝ ըստ սահմանված ցուցիչների և արդյունքների ապահովման։