ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կասկածելի է համարում այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության 19 տարիների ընթացքում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուները չեն բացահայտվել։ Նրա խոսքով՝ հանցագործության բացահայտման համար ամենահեշտ ժամանակը դրան անմիջապես հաջորդող շրջանն էր։
Հոկտեմբերի 27-ի պատվիրատուների բացահայտման հարցում իշխանությունների քաղաքական կամքի բացակայության մասին դիտարկմանն ի պատասխան՝ Ռուբինյանը հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ներկայիս իշխանությունն ավելի շատ քաղաքական կամք ունի, քան որևէ մեկը։
«Այլ հարց է, թե ինչու Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները չեն բացահայտվել այն ժամանակ, երբ դա ամենահեշտն էր անել՝ անմիջապես այդ ոճրագործությունից հետո։ Այդ ժամանակ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։ Ինչո՞ւ նրան չհաջողվեց բացահայտել։ Ինքն էր ասում, որ սա տեղամասային տեսուչի մակարդակի գործ է։ Բա այդ մակարդակի գործն ինչո՞ւ չբացահայտեցին»,- հարց է բարձրացրել ԱԺ նախագահը։
Ռուբինյանն ընդգծել է, որ ոճրագործության հաջորդած տարիներին Ռոբերտ Քոչարյանը շարունակել է զբաղեցնել նախագահի պաշտոնը, իսկ Սերժ Սարգսյանը եղել է ազգային անվտանգության նախարար, պաշտպանության նախարար, վարչապետ, ապա՝ նախագահ։
«Ես այդ ժամանակ 9 տարեկան էի, հիմա ես եմ հարցնում՝ ինչո՞ւ Հոկտեմբերի 27-ը չեն բացահայտել անմիջապես այդ հանցագործությունից հետո»,- նշել է նա։
ԱԺ նախագահը ներկայացրել է չորս հանգամանք՝ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները մինչ օրս հայտնի չեն, հանցագործության կատարողները ձերբակալվել են անմիջապես և ցմահ պատիժ են կրում, նման հանցագործությունների պատվիրատուներին բացահայտելու համար ամենանպաստավոր ժամանակը դրան հաջորդող շրջանն է, իսկ ոճրագործությունից հետո 19 տարի իշխանության են եղել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
«Եվ ես, այո՛, կիսում եմ այն մարդկանց կարծիքը, որ կասկածներ է հարուցում այն փաստը, որ իրենք 19 տարվա մեջ չեն բացահայտել դա»,- ասել է Ռուբինյանը։
Նա ընդգծել է, որ գործող իշխանության օրոք բացահայտվել են նաև հանցագործություններ, որոնք երկար ժամանակ համարվել են չբացահայտելի։ Որպես օրինակ՝ Ռուբինյանը հիշատակել է Խորխորունու սպանության գործը, որը բացահայտվել է 20 տարի անց։
«Չկա որևէ քաղաքացի, որը մեզնից շատ է շահագրգռված այս հանցագործությունը բացահայտելու համար, որովհետև, նախ, դա տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Երկրորդ՝ հնչում են կարծիքներ, որոնք բավականին արժանահավատ են հնչում, ըստ որոնց՝ Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը կտրուկ ամրապնդվեց և դարձավ միահեծան»,- ասել է ԱԺ նախագահը։
Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությանը, թե պաշտոնը թողնելուց և կաշկանդվածությունից ազատվելուց հետո ինքը կխոսի գործի մասին՝ Ռուբինյանը նշել է, որ այդ հարցը պետք է ուղղել հենց Ջհանգիրյանին։
«Ես Գագիկ Ջհանգիրյանը չեմ, եթե նկատել եք։ Գագիկ Ջհանգիրյանին հարցրեք դրա մասին»,- ասել է նա։
Հարցին, թե անձամբ ում է կասկածում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուների հարցում, Ռուբինյանը պատասխանել է, որ չի կարող ասել՝ նշելով, որ հարցն այդ ձևով կոռեկտ չէ։