Հայաստանում նորագույն պատմության ամենաարյունոտ, ողբերգական եւ խորհրդավոր էջերից մեկը, որը նաեւ այդ պատմության ընթացքում թե քարոզչական, թե առավել եւս բարոյական առումով ամենից մաշված էջերից մեկն է։ Ամենից մաշված, որը նաեւ շարունակում են մաշել անխնա։ Ընդ որում, անխնա մաշում են Վազգեն Սարգսյանի անունից պատումներով, որ ներկայացնում են ներքաղաքական հարաբերությունների համատեքստում, եւ անառարկելի ճշմարտության ձեւով։
Կրկնեմ, քաղաքական–քարոզչական անբարոյություն է անառարկելի ճշմարտություն ներկայացնել քաղաքական իրողությունների վերաբերյալ Վազգեն Սարգսյանի տեսակետներ ու հարաբերությունների վերաբերյալ գնահատականներ, երբ Սարգսյանը ողջ չէ եւ չի կարող դրանց վերաբերյալ տալ պարզաբանումներ, հաստատել, կամ ոչ, իսկ պատմությունն էլ այնքան հին չէ, որ նյութը մնա լոկ պատմագիտական ազդեցության տիրույթում։
Օրինակ, որեւէ մեկը, որն ասենք եղել է Վազգեն Սարգսյանի հետ մոտ, իրեն իրավունք է վերապահում նստել մի որեւէ տաղավարում եւ «պատմել», թե Վազգենը անձնական զրույցում կամ փոքր խմբով այս վերաբերմունքը եւ կարծիքն է արտահայտել այս գործչի կամ այն գործչի մասին։ Եվ, երբ այդ պատումները չունեն պատմագրական ոչ մի ապացույց, հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք տվյալ մարդը պարզապես չի կարող խաբել, չի կարող մանիպուլյացնել, չի կարող հարմարեցնել ողբերգությունն ու դրանից բխող էմոցիոնալ ընկալումները իր ներկայիս քաղաքական կարիքներին։
Դրա համար, կարծում եմ կամա, թե ակամա անբարո է ներկայացնել, թե Վազգենը այս մարդու մասին այս կարծիքն է հայտնել, այն մարդու մասին՝ այն։ Կրկնեմ, խոսքը քաղաքական գնահատակնների, այլ ոչ թե պարզապես մարդկային պատմությունների եւ դրվագների մասին են, որոնք կարող են տեղ գտնել տարբեր հուշագրություններում, եւ կամ դրվագների մասին, որոնք հանրային են եղել իրենց զգալի մասով։
Այլապես, այս տարիներին ձեւավորվել է «Վազգենի հետ մտերիմների» մի յուրօրինակ պլեադա, ինչպես «լեյտենանտ Շմիդտի որդիների» բանակը։
Վերլուծաբան Հակոբ Բադալյան