Հայաստանի կառավարությունն ակնկալում է թուրքական ավիաընկերությունների մուտքը Գյումրիի օդանավակայան։ Զուգահեռաբար, Երևանի, Անկարայի և Բաքվի միջև պաշտոնական շփումները վերածվում են բնականոն աշխատանքային գործընթացի՝ ուղղված տարածաշրջանային հարաբերությունների կարգավորմանը։
Այս մասին ապրիլի 18-ին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ավիահաղորդակցության ընդլայնման գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է, և հույս կա, որ առաջիկայում դեպի Գյումրի կիրականացվեն նոր թռիչքներ։
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ դեպի Երևան թուրքական ավիաուղիների չվերթների իրականացման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ՝ Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Նախաձեռնությամբ հանդես է եկել թուրքական կողմը, ինչին պաշտոնական Երևանը դրական է արձագանքել։
Անդրադառնալով եռակողմ դիվանագիտական շփումներին՝ Փաշինյանն ընդգծել է, որ հայ, թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների միջև հաղորդակցությունը պետք է ընկալվի որպես առօրյա աշխատանքային գործունեություն։ Թեև, ըստ վարչապետի, բանակցություններում հայեցակարգային նորություններ այս պահին չկան, ամենօրյա հետևողական աշխատանք է տարվում հարաբերությունների զարգացման եզրեր գտնելու ուղղությամբ։
Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարների մասին՝ նա վստահեցրել է, որ հիմնական խնդիրը ոչ թե բուն իրագործումն է, այլ ժամկետների հստակեցումը, և կառավարությունը գործադրում է առավելագույն ջանքեր՝ արդյունքներին հնարավորինս շուտ հասնելու համար։
Առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի վերջին՝ հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի նշանակմամբ։ Երկկողմ բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվել է կյանքի կոչել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։ Մասնավորապես, 2022 թվականի սկզբին վերագործարկվեց Երևանի և Ստամբուլի միջև ուղևորատար ավիահաղորդակցությունը, իսկ 2023-ի հունվարին Անկարան պաշտոնապես վերացրեց ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։
Այդուհանդերձ, որոշ առանցքային համաձայնություններ դեռևս մնում են անկատար կամ գտնվում են իրականացման փուլում։ Դրանցից ամենակարևորը 2022-ի ամռանը ձեռք բերված պայմանավորվածությունն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ։ Թեև հայկական կողմն ամբողջությամբ ավարտել է «Մարգարա» անցակետի արդիականացումն ու տեխնիկական հագեցումը, սահմանը շարունակում է փակ մնալ, քանի որ, ըստ հայ բանագնացի հայտարարությունների, թուրքական կողմը նոր է սկսել ենթակառուցվածքային աշխատանքներն իր տարածքում։ Բացի այդ, ներկայումս տեխնիկական և փաստաթղթային համաձայնեցման փուլում է գտնվում Անիի պատմական սահմանային կամրջի համատեղ վերականգնման ծրագիրը։
Միևնույն ժամանակ Թուրքիան, չնայած առանց նախապայմանների բանակցելու հանձնառությանը, չի հրաժարվել հայ-թուրքական գործընթացը պայմանավորել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններով: