Բյուրեղավանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հղում անելով «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրինությանը:
«Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։
Խնդրում ենք նման գանգատների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործել եռացրած վիճակում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում է տարածել նաև քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակար Արմեն Վարդումյանը։
Ըստ նրա՝ երեկ երեկոյան՝ ժամը 19-20:00-ից սկսած, եղել են շտապօնգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Քանի որ երեկոյան՝ ժամը 22-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, իրավիճակի մասին հայտնել են «Հիվանդությունների վերահսկողության հանրապետական կենտրոն»:
«Ամբողջ գիշեր շարունակվել են կանչերը մինչև առավոտ և այժմ էլ շարունակվում են: Առավոտից սկսած՝ քաղաքապետարանի ղեկավարությամբ բոլոր կազմակերպությունները տեղակացված են եղել՝ սկսած «Վեոլիա Ջրից» մինչև արտակարգ իրավիճակների վարչություն»,- ասաց նա՝ նշելով, որ տարբեր հասցեներում արդեն ջրից նմուշառումներ են արվել և սպասում են պատասխանի: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ևս ստուգումներ է իրականացնում:
Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է, կան նաև հոսպիտալացվածներ: Ոչ դրական դինամիկա ունեցող քաղաքացիներից 8-ն են հոսպիտալացվել:
Ինչ վերաբերում է հիվանդների ընդհանուր թվին, ապա այն թիվն ամբողջական հայտնի չէ, քանի որ շատերն ինքնուրույն են դիմում տարբեր ԲԿ-ներ:
«Մենք մեր պարտքը համարեցինք բնակչությանը տեղյակ պահել, որ այսպիսի խնդիր կա: Խորհուրդ ենք տվել կա՛մ ջրից չօգտվել, կա՛մ օգտագործել եռացրած ջուր»,-ասաց նա: