"Հույս ունեմ, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ավելի կսերտանան, իսկ երկկողմ արդյունավետ կապերը կզարգանան", - հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մեհսուն Պակաինը՝ "Արան" ռադիոկայանին տված հարցազրույցում: Արդեն զարգանում են առևտրային, մաքսային և մշակութային կապերը, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից, ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցների չեղարկումից հետո, իրանա-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն: "Այսօրվա դրությամբ Ադրբեջանը նորմալ հարաբերություններ է պահպանել Իրանի հետ: Պատժամիջոցների չեղարկումից հետո ավելի բազմազան համագործակցություն կհաստատվի: Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ կողմերը քննարկում են իրանական նավթն ու գազը Ադրբեջանի ենթակառուցվածքներով Եվրոպա արտահանելու հնարավորությունը: Բացի այդ, վերջերս աշխատանքային խումբ է ստեղծվել Հյուսիս-Հարավ երկաթգծային նախագծի մանրամասները քննարկելու համար: Հյուսիս-Հարավ երկաթգիծը կկապի Հյուսիսային Եվրոպան Հարավ-արևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակի դեր կխաղա Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի երկաթգծերի համար: Տվյալ նախագիծը ենթադրում է իրանական և ադրբեջանական Աստարա քաղաքները միմյանց կապող երկաթգծային կամրջի կառուցում, ինչպես նաև ութ կիլոմետրանոց երկաթուղու կառուցում Ադրբեջանի տարածքում: