Հայաստանի և ՌԴ վարչապետները "մանրամասն քննարկել են գազի գնի իջեցման հարցը"
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պաշտոնական այցով Երևանում գտնվող Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամլո հաղորդադրությունը ներկայացնում ենք ստորեւ.
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Եվս մեկ անգամ ողջունում եմ ՌԴ կառավարության նախագահ պարոն Դմիտրի Անատոլիի Մեդվեդևի և նրա գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան:
Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ հարգարժան պարոն Մեդվեդևի հետ հանդիպումը, որն անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում:
Մենք քննարկեցինք ինչպես հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ նախանշելով մոտ ապագայում մեր գործընկերության հիմնական ուղղություններն ու խնդիրները:
Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելը:
Քննարկեցինք նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այնպիսի ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են էկոնոմիկան, էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, հումանիտար համագործակցությունը, կրթությունը, մշակույթը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը, որն այսօր համալրվեց ստորագրված նոր փաստաթղթերով:
Մանրամասն քննարկեցինք Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ:
Հատուկ ընդգծվեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և պարբերաբար նիստերի գումարման անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցներից մեկն է:
Երկուստեք ընդգծվեց նաև Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեության կարևորությունը:
Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան ինչպես միշտ փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն, հաջողությամբ կյանքի կկոչվեն:
Իսկ հիմա, կցանկանայի խոսքը փոխանցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Խնդրեմ, պարոն Մեդվեդև»:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև. «Ցանկանում եմ նշել, որ բանակցություններն իմ գործընկեր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչպես միշտ, կայացան ջերմ և բարեկամական մթնոլորտում: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, խոսեցինք Եվրասիական ինտեգրման ամրապնդման հեռանկարի մասին:
Այս ինտեգրացիային ոչինչ չպետք է խանգարի, անգամ այս կամ այն հանդիպումները տեղափոխելու դեպքում:
Պայմանավորվեցինք, որ մոտ ապագայում ևս կհանդիպենք՝ քննարկելու ամեն ինչ: Այնուամենայնիվ, հիմնական բանակցությունների գլխավոր թեման Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական կապերին վերաբերող հարցերն էին:
Չնայած համաշխարհային ոչ բարենպաստ միջավայրին, մեզ մոտ համագործակցության ոչ վատ դինամիկա կա: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին առևտրատնտեսական հիմնական գործընկերը:
Առևտրաշրջանառության ծավալն ավելի քան 1 մլրդ 250 հազար դոլար է կազմում. անկումը պայմանավորված է մեր երկրների միջև շրջանառվող ապրանքների գների տատանումով, այլ ոչ թե ֆիզիկական ծավալների նվազեցմամբ, որն ավելի կարևոր է:
Ռուսական կապիտալի ընդհանուր ծավալը, ինչպես նախկինում, մնում է նույնը`4 մլրդ դոլարի սահմաններում: Հայաստանում գործում է ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություն: Մենք գտնում ենք, որ դա դրական է, սակայն ամենևին էլ առավելագույնը չէ:
Հենց նոր ստորագրվեցին համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնց մասին իմ գործընկերն ասաց: Դրանք վերաբերում են այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են՝ տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման, բնակ-կոմունալ տնտեսության, բնապահպանության, առողջասանիտարական հսկողության և միջտարածաշրջանային համագործակցությանը:
Մենք նաև պայմանավորվեցինք էներգետիկ ոլորտի հարցերի շուրջ, այդ թվում՝ գազի առաքման մասով, ինչը չափազանց կարևոր է Հայաստանում էլեկտրաօգտագործման սպառման, կայունության ապահովման, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի զարգացման համար: Սկսվել է Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացումը: Սովորաբար այդ ծրագրերի իրականացումը երկար է տևում, սակայն մենք Հայաստանում նախատեսում ենք այն իրականացնել 5 տարվա ընթացքում:
Ընթացիկ տարվա փետրվարի 1-ից աշխատանքի է անցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը, որի նախագահությունը մոտակա չորս տարիների ընթացքում ստանձնել է Հայաստանի ներկայացուցիչը՝ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետը:
Չնայած ներքին տնտեսական դժվարին իրավիճակին, մենք պետք է առավելագույնս բացահայտենք Եվրասիական միության տնտեսական ներուժը, ինչի մասին ևս խոսել ենք: Հաշվի առնելով ընդունված որոշումները՝ համապատասխան միջոցառումը հաջորդ շաբաթ Մոսկվա տեղափոխելու մասին, պայմանավորվել ենք, որ Եվրասիական միության կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը կարճ ժամկետում կանցկացվի Հայաստանում, ինչպես այն նախատեսված էր: Իհարկե, մեզ միավորում է ոչ միայն առևտրատնտեսական համագործակցությունը, այլև մշակութային, պատմական հարաբերությունները, հումանիտար կապերը:
Մենք ուրախ ենք, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ռուսաց լեզի տարածմանը, դա այն լեզուն է, որը մեր երկու երկրներին է կապում: Կցանկանայի, որ նման բնույթի հարաբերությունները շարունակվեն նաև ապագայում:
Մենք պայմանավորվել ենք հետագայում ևս ամրապնդել հումանիտար-մշակութային համագործակցությունն այն ուղղություններով, որոնք արդեն գոյություն ունեն. դա երիտասարդների կրթության, համալսարանների միջև փորձի փոխանակումն է:
Նաև քննարկել ենք ևս մեկ թեմա, որը վերաբերում է հայ գործընկերների առաջարկությանը՝ Հայաստան այցերի համար Ռուսաստանի ներքին անձնագրի օգտագործման մասին: Նման նախաձեռնությունը վկայում է մեր ժողովուրդների հարաբերությունների յուրահատկության մասին, և մենք, իհարկե, պատրաստ ենք, որպեսզի այդ նախաձեռնությունն իրականանա:
Իհարկե, մենք այսօր չէինք կարող չքննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրավիճակը: Ես այն քննարկել եմ վարչապետի հետ, երեկոյան ծրագրում եմ քննարկել նաև հանրապետության Նախագահի հետ: Այդ իրավիճակն անկասկած մեզ լուրջ մտահոգում է: Հույս ունենք, որ կպահպանվի հրադադարի ռեժիմը և կվերսկսվի քաղաքական գործընթացը: Շատ բան է արվել, որպեսզի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, այլ ոչ թե զինվորականները, որպեսզի չզոհվեն մարդիկ, ենթակառուցվածքները չփլուզվեն: Ռուսաստանը հետագայում ևս պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, օգտագործել մեր ազդեցությունը համապատասխան գործընթացների շրջանակում: Այն մեխանիզմը, որն առկա է, այլընտրանք չունի, նրա լրազորություններն ամրագրված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ-ի կողմից: Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ ամենակարևորը հակամարտության թեժացման բացառումն է, քանի որ դա կարող է բերել ամենաողբերգական հետևանքների տարածաշրջանի համար: Այդ հարցի քննարկումն անկասկած կշարունակվի:
Վերջում կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ շնորհակալ եմ հայ գործընկերոջս՝ հրավերի, հիանալի մթնոլորտի համար: Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք տեղի ունեցած բանակցությունների ընթացքից, վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել մեր համագործակցությունը, այն ավելի փոխշահավետ և հաջողակ դարձնել:
Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հուսալի գործընկերը և բարեկամը: Շնորհակալություն ուշադրության համար»: