24.11.2024
Առաջնագծում գտնվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողների դիակներ
prev Նախորդ նորություն

Czech Free Press. Անկարան և Բաքուն պատերազմ էին հրահրում Ղարաբաղում Մոսկվայի դեմ

Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ակտիվացումը Թուրքիայի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության հետևանք է, որի նպատակն է ներքաշել Ռուսաստանին ևս մի զինված հակամարտության մեջ, հայտնում է tert.am-ը հղում կատարելով չեխական Czech Free Press պարբերականի հոդվածագիր Լադիսլավ Կաշուկանին։

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ ԼՂ-ում տեղի ունեցածում Թուրքիայի մասնակցությունը նկատելը շատ հեշտ է։ Առաջինը, անցյալ տարվա նոյեմբերին ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո պարզվեց, որ Թուրքիան բացահայտ աջակցում է Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին և գաղտնի կերպով առևտրային հարաբերություններ ունի «Իսլամական պետության» հետ: Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։

Երկրորդը, անմիջապես դրանից հետո տեղի ունեցան մի շարք հանդիպումներ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ Եվ երրորդը, «բավականին քիչ ժամանակ անց Ադրբեջանը հարձակվեց ԼՂ-ի վրա», գրում է պարբերականը։

Հոդվածագիրը նշում է, որ չհասցրին Ղարաբաղյան հակամարտության կողմերը հրադադարի խախտման վերաբերյալ առաջին մեղադրանքներով փոխանակվել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իր պետությունն «ամբողջությամբ Ադրբեջանի կողքին է»։

Հեղինակը նշում է, որ տողատակում դժվար չէ գլխի ընկնել, որ այդ ամենը Ռուսաստանին, որը Հայաստանի վաղեմի ռազմական և տնտեսական դաշնակիցն է, ևս մեկ զինված հակամարտության մեջ ներքաշելու փորձ է։

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։