4.12.2024
Երևանը խորապես մտահոգված է Սիրիայում շարունակվող բախումներով. Նալբանդյան
27.05.2015
Երևանը խորապես մտահոգված է Սիրիայում շարունակվող բախումներով. Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 27-ին Սիրիայում հանդիպել է երկրի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ: Հանդիպմանը հետևած ասուլիսին Նալբանդյանը հայտարարել է , որ Հայաստանը մտահոգված է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի և մյուս փոքրամասնությունների վիճակով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, իր խոսքում Նալբանդյանը մասնավորապես նշել է, որ Երևանը խորապես մտահոգված է Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհերով և արհավիրքներով։ "Սիրիական ճգնաժամից ի վեր մենք միջազգային ամենատարբեր հարթակներից մշտապես բարձրաձայնել ենք Մերձավոր Արևելքում և, մասնավորապես՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի անհապաղ կարգավորման անհրաժեշտությունը, ահաբեկիչներին աջակցության անթույլատրելիությունը։ Այսուհետ ևս մենք շարունակելու ենք այդ խնդիրները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել", - նշել է նախարարը: Նախախարի խոսքով, Հայաստանի մշտական մտահոգության առարկա է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի և մյուս փոքրամասնությունների վիճակը։ "Այս առումով ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Սիրիայի իշխանություններին՝ հայկական համայնքի, մեր մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար", - նշել է նախարարը։ Նա նաև տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։ "Համոզված ենք, որ ճգնաժամի հաղթահարումը, խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, բոլոր շահագրգիռ կողմերի, բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող կառուցողական երկխոսության միջոցով", - եզրափակել է նա: