19.05.2026
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
prev Նախորդ նորություն

Սպիտակի քաղաքապետարանի աշխատակիցն աշխատանքային ժամին եկել է ՔՊ քարոզարշավին

Սպիտակ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանկյանը աշխատանքային ժամին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ Լոռու մարզում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ։


Ինչպես հաղորդում է NEWS.am-ը, Ֆրանկյանը հայտարարել է, որ արձակուրդում չէ, բայց թույլտվություն է վերցրել աշխատավայրից բացակայելու համար, որպեսզի ներկա գտնվի Փաշինյանի հետ հանդիպմանը։ «Արձակուրդում չեմ, եկել ենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Պարզապես ամեն օր չէ, որ վարչապետը գալիս է մեր քաղաք»,- ասել է նա։


Ճշտող հարցին, թե արդյոք միջոցառմանը ներկա են նաև համայնքապետարանի այլ աշխատակիցներ, Ֆրանկյանը պատասխանել է, որ իր ոչ բոլոր գործընկերներն են եկել։ Քաղաքապետարանի աշխատակցի խոսքով՝ ինքը պաշտոնապես է ձևակերպել իր բացակայությունը։ «Պարզապես թույլտվություն եմ վերցրել ու դուրս եկել։ Սա քարոզչություն չէ, ամեն օր չէ, որ վարչապետը գալիս է։ Բացակայության թերթիկով եմ դուրս եկել»,- նշել է նա։