29.12.2024
ՀՀ ԱԳՆ. Անկարային պետք է հեռու պահել ԼՂ հակամարտությունից
13.10.2016
ՀՀ ԱԳՆ. Անկարային պետք է հեռու պահել ԼՂ հակամարտությունից

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի արված հայտարարությունը ապացուցում է, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից», - նշվում է փոխարտգործնախարարի հայտարարության մեջ, որը հրապարակված է ՀՀ ԱԳՆ–ի կայքում։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ին անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը որոնելուն: Նա ավելացրել է, որ «առնվազն հինգ շրջաններից զորքերի դուրսբերումը» շարունակում է քննարկվել: Չավուշօղլուի խոսքով, եթե այս խնդիրը լուծվի, ապա Հարավային Կովկասում այլևս վտանգ չի լինի: Քոչարյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության: Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ` Քոչարյանը նշել է, որ եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ և կյանքի կկոչեր դեռևս 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, հայտնում է newsarmenia.am-ը: Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացը 2008 թվականի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։