5.11.2025
Ծափաթաղում սպանված երեխայի քույրն ու եղբայրները ՀՕՖ կենտրոնում
prev Նախորդ նորություն

Թագուհի Թովմասյանը ձեռնաշղթա նվիրեց ՔԿ նախագահին՝ հիշեցնելով կալանքների չարաշահման մասին

Թագուհի Թովմասյանը խորհրդանշական ձեռնաշղթա նվիրեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ քննադատելով կալանքների գերակտիվ կիրառումը։


Պատգամավորը նշեց, որ թեև կալանքի միջնորդությունների թիվը նվազել է 16,4 տոկոսով, արդարադատության նախարարը շարունակում է մտահոգություն հայտնել՝ ընդգծելով, որ Հայաստանում կալանավորվածների թիվը գերազանցում է դատապարտյալներին։ Թովմասյանի խոսքով՝ մարդկանց կալանավորում են, սակայն գործերը հաճախ չեն հասնում դատական վերջնական որոշման, իսկ կալանքը փոխարինվում է այլ խափանման միջոցներով։


«Քանի որ դուք չափազանց ակտիվ եք կալանքի հարցում, որոշեցի նվիրել ձեզ այս խորհրդանշական ձեռնաշղթան։ Թող այն հիշեցնի, որ քաղաքացուն կալանքի տանելը միշտ չէ, որ արդար և անհրաժեշտ որոշում է», — ասաց Թովմասյանը՝ ձեռնաշղթան հանձնելով Պողոսյանին։


Նրա խոսքին արձագանքեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ նման ձևաչափը քաղաքական ակցիայի տպավորություն է թողնում. «Պատգամավորի խոսքի ազատությունը կարևոր է, բայց սա ճիշտ ձևը չէ նման բողոքի համար։ Բացի այդ, նվերները ենթակա են հայտարարագրման, և կան սահմանափակումներ», — ասաց նա։


Թովմասյանը պատասխանեց, որ նվերը շատ էժանարժեք է և Վարդանյանի քայլը համարեց իր գործունեությանը խոչընդոտ։ Վերջինս, սակայն, պահանջեց դադարեցնել ակցիան՝ հավելելով, որ քննարկումը չպետք է վերածվի ֆլեշմոբի իրավապահ համակարգի դեմ։


Ի պատասխան՝ Թովմասյանը շեշտեց, որ իր խոսքը վերաբերում է Քննչական կոմիտեի աշխատանքի արդյունավետությանը, որը, ստանալով հսկայական բյուջե, հանրության շրջանում առաջացնում է լուրջ հարցեր։


«Այս ձեռնաշղթան թող մնա այստեղ՝ որպես հուշում, որ յուրաքանչյուր քաղաքացու կալանավորման միջնորդությունից առաջ արժե մտածել՝ արդյոք դա արդարացի է», — եզրափակեց պատգամավորը՝ հավելելով, որ կոմիտեն հաճախ գործում է քաղաքական հրահանգով, մինչդեռ իրական հանցագործները շարունակում են մնալ ազատության մեջ։


 

Հայաստան է ժամանել բիլիարդի բազմակի աշխարհի չեմպիոն, մեր հայրենակից Իոսիֆ Աբրամովը
Հաջորդ նորություն next