Քննարկվել են 2026 թ. Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեներին ուղղվելիք հատկացումները
2026 թվականի պետական բյուջեի նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեին նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 516 մլն 898 հազար դրամ, որը 2025 թվականի համեմատ ավելի է 53 մլն 126 հազար դրամով: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:
ՀՀ քննչական կոմիտեին գալիք տարի կտրամադրվի 19 մլրդ 205 մլն 877 հազար դրամ: Փոխնախարարը նշել է, որ 2025 թվականի համեմատ ծախսերն աճել են 219 մլն 653 հազար դրամով:
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի տեղեկացմամբ կոմիտեն իրականացնելու է 1 հիմնական ծրագիր՝ 5 միջոցառմամբ: Հաջորդ տարի ծրագրի իրականացման նպատակով ուղղվելիք գումարի՝ 2025 թվականի համեմատ ավելացումը պայմանավորված է 2026 թվականի հունվարի 1-ից պահնորդական ծառայության ներդրմամբ աշխատավարձի ֆոնդի բնականոն աճով: «Ծրագրի նպատակն է Քրեական դատավարության օրենսգրքով կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումն ու իրականացումը»,- ընդգծել է զեկուցողը եւ մանրամասնել ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումները:
Արթուր Պողոսյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ընդգծել է, որ 2025 թվականի ինն ամիսների տվյալներով կալանքների միջնորդությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 16,4 տոկոսով: Զեկուցողը նշել է, որ խուզարկություններ իրականացնելու ընթացքում արվում է առավելագույնը՝ չխաթարելու տնտեսավարողների գործունեությունը:
Հակակոռուպցիոն կոմիտեի 2026 թվականի բյուջետայի ֆինանսավորման հայտում ներառված է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության ապահովում» ծրագիրը, որի նպատակն է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը վերապահված քրեական վարույթների քննության իրականացումը եւ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված համապատասխան գործառույթների ապահովումը: Այս մասին ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը: Նա նշել է, որ ծրագրով կիրականացվի 3 միջոցառում՝ Կոռուպցիոն հանցագործութունների բացահայտում եւ քննություն, Հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ, վերապատրաստում եւ Հատուկ ուսուցման կազմակերպում:
Պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 5-ին կայացած համատեղ նիստը նախագահել են Վլադիմիր Վարդանյանը եւ Ծովինար Վարդանյանը: