5.11.2025
Քննարկվել են 2026 թ. Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեներին ուղղվելիք հատկացումները
prev Նախորդ նորություն

Գործադիրը նպատակ ունի նվազեցնել ՀՀ սահմանի անցման կետերում առաջացող կուտակումները

Նախագծի նպատակը պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցումը եւ որոշակի դեպքերում ճանապարհային հարկի արտոնությունների սահմանումն է. ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, ինչպես նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը՝ ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:


Զեկուցողը նշել է, որ առաջարկվում է հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի եւ պետական տուրքի վճարումները:


ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով, մասնավորապես, նախատեսվում է բնապահպանական հարկի վճարման ժամկետ սահմանել ՀՀ սահմանը հատելուց հետո մինչեւ աշխատանքային 15-րդ օրը, բայց ոչ ավելի քան ՀՀ տարածքից ելքը: Առաջարկվում է ճանապարհային հարկը եւս վճարել ՀՀ սահմանը հատելուց հետո առաջիկա 15 օրերի ընթացքում, ոչ ուշ՝ քան ՀՀ տարածքից ելքը:


Համլետ Սահակյանը նշել է, որ այսօրվա կարգավորումներով պետական տուրք է վճարվում ժամանման վայրի մաքսային մարմնից մինչեւ ներքին մաքսային մարմին մեկ տարանցման հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողնման համար, սակայն այդ ապրանքները հետագայում հայտարարագրվում են եւ այդ ժամանակ եւս վճարվում է պետական տուրք: «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների համաձայն՝ առաջարկվում է հանել սահմանին վճարվող՝ 5000 դրամի չափով վճարվող պետական տուրքը եւ այն որոշ չափով բարձրացնել հայտարարագրման ժամանակ: Այսպիսով առաջարկվում է հետագա հայտարարագրման ժամանակ պետական տուրքը մինչեւ 3 տոննայի համար` 5000 դրամից դարձնել 7000 դրամ, 3տոննայից մինչեւ 10 տոննայի համար՝ 10.000 դրամը դարձնել 13.000 դրամ, 10 տոննայից մինչեւ 25 տոննայի համար՝ 15.000 դրամը դարձնել 18.000 դրամ, 25 տոննայից մինչեւ 60 տոննայի համար՝ 20.000 դրամը դարձնել 24.000 դրամ, իսկ 60 տոննայից ավելիի դեպքում` 30.000 դրամը դարձնել 35.000 դրամ: Ըստ զեկուցողի՝ փոփոխությունները տնտեսավարողների համար որեւէ լրացուցիչ բեռ չեն առաջանում, իսկ որոշ դեպքերում այն նույնիսկ նվազում է:


Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստան մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանել միասնական՝ նկատի ունենալով այն, որ նորմաների սահմաններից ավելի արտանետումների համար առկա են համապատասխան օրենսդրական կարգավորումներ, այդ թվում՝ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշել է, որ պետական սահմանի անցման կետերում չափումների իրականացումն անիրատեսական է:


Առաջարկվում է նաեւ ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների Հայաստանի տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներին ազատել համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից:


Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի նիստում: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

Միրզոյան. Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի համար մտահոգիչ դրույթներ չկան
Հաջորդ նորություն next