5.11.2025
Գործադիրը նպատակ ունի նվազեցնել ՀՀ սահմանի անցման կետերում առաջացող կուտակումները
prev Նախորդ նորություն

Միրզոյան. Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի համար մտահոգիչ դրույթներ չկան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը արձագանքեց ադրբեջանցի լրագրողին՝ ընդգծելով, որ Հայաստանի Սահմանադրությունում որևէ դրույթ չկա, որը կարող է մտահոգություն առաջացնել Ադրբեջանում։


«Օրբելի ֆորում 2025. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովում ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության լրագրողը հետաքրքրվեց Սահմանադրության փոփոխությունների հարցով։


Միրզոյանը նշեց, որ կցանկանար, որպեսզի Երևանում գտնվող լրագրողը հարց տար, որը չլիներ պաշտոնական Բաքվի դիսկուրսի շարունակությունը։ «Մեր դիրքորոշումն ամբողջովին հստակ է․ մենք չենք կիսում այն կարծիքը, թե Սահմանադրությունում կան դրույթներ, որոնք կարող են մտահոգիչ լինել Ադրբեջանի համար։ Սա մեր բանակցային օրակարգի մաս չէ, և այդ թեման չենք քննարկում։ Խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված, ստորագրված և հրապարակված են։ Սակայն կան հարցեր, որոնց շուրջ համաձայնություն դեռ չկա, և սա հենց այդ հարցերից մեկն է», — ասաց նախարարը՝ ընդգծելով, որ կողմերը արձանագրել են տարաձայնությունը։


Միրզոյանը հավելեց, որ խաղաղությունն արդեն կայացած փաստ է․ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները սահմանին ապրում են խաղաղ պայմաններում, իսկ օրակարգում են քաղաքացիական հասարակությունների շփումները, ինչպես նաև փորձագետների ու լրագրողների փոխայցելությունները։


Նախարարը վստահություն հայտնեց, որ ընթացիկ գործընթացները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը և դրա վավերացմանը երկու երկրների խորհրդարաններում։ «Հայաստանը պատրաստ է այդ քայլին․ մենք ունենք քաղաքական կամք և չենք տրվում որևէ սադրիչ հայտարարությունների։ Հուսով ենք, որ շուտով պայմանագիրը կստորագրվի և կհաստատվի», — նշեց Միրզոյանը։


Նա նաև հիշեցրեց, որ Սահմանադրության փոփոխության հարցը ներքին գործընթաց է, որի անհրաժեշտության մասին իշխանությունը խոսել է դեռ 2018-ի վերջերից։

ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Հաջորդ նորություն next