Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագծի վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքած համաձայնագրի վավերացման օրենքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթղթի վավերացման օգտին քվեարկել է 120 պատգամավոր, 7-ը՝ դեմ, 6 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Վավերացումից հետո օրենքը պետք է ստորագրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եւ այն ուժի մեջ կմտնի Resmi gazete պաշտոնական պարբերականում հրապարակվելուց հետո: Ռուսաստանը եւ Թուրքիան «Թուրքական հոսք» նախագծի իրականացման միջկառավարական համաձայնագիրը ստորագրել են հոկտեմբերի 10-ին: Փաստաթղթով նախատեսվում է Սեւ ծովի հատակով անցնող մագիստրալային գազատարի երկու ճյուղերի կառուցում՝ յուրաքանչյուրը 15,75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ: Մեկ ճյուղով գազը կմատակարարվի թուրքական շուկա, երկրորդով՝ Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ: