27.11.2024
ՕՐՕ դաշինքը Ջրառատի դեպքերի մասին. ՀՀԿ-ը փորձում է վախի մթնոլորտ տարածել
prev Նախորդ նորություն

Նախագահ. ՀԱՊԿ-ի սկզբունքների խախտումը հարվածում է նրա հեղինակությանը

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային փոխգործակցության հետևողական խորացումն ու ընդլայնումը: Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Նրա խոսքով, վերջին տարիներին երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններն իրենց ինտենսիվությամբ և հագեցվածությամբ հասել են ամենաբարձր մակարդակի: «Եվ ամենակարևորը՝ դրանք հիմնված են փոխադարձ վստահության և մեր գործընկերության ամրության ու հեռանկարայնության երկուստեք առկա համոզմունքի վրա: Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագրի 20-ամյակը», - ասել է Սարգսյանը:


ՀԱՊԿ, Ռուսաստան եւ ԼՂ հակամարտություն


Սարգսյանը հայ-ռուսական համագործակցությունը բնութագրել է որպես «աննախադեպ»: «Հայ-ռուսական աննախադեպ համագործակցությունն այսօր բնութագրվում է բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ: Դրա վկայությունն է ռազմական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար բնագավառներում սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև ակտիվ միջխորհրդարանական և միջտարածաշրջանային համագործակցությունը: Հայաստանն ու Ռուսաստանը զարգացնում են բազմակողմ արդյունավետ համագործակցություն ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում», - ասել է նա:


Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակում դեռևս 2000 թվականին ընդունվել է հայտարարություն, որից Սարսգայնը ցիտել է հետեւյալը. «Պայմանագրի անդամ երկրների միջև ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի և շփումների համեմատ»: «Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը` քաղաքական հայտարարություններից մինչև ռազմական համագործակցություն», - ասել է նախագահը:


Շարունակելով այս թեման՝ նա նշել է, որ վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում Կազմակերպության հեղինակության բարձրացմանը: «Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից: Նախորդ տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մշակման ընթացքում մենք առաջնորդվում էինք դաշնակցային փոխգործակցության և շարունակականության սկզբունքներով Կազմակերպության հետագա զարգացման անհրաժեշտությամբ` հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության արդի մարտահրավերները», - ասել է ՀՀ առաջնորդը:


Հենց այս մտայնությամբ, նրա խոսքով, Հայաստանը սահմանեց հավակնոտ նպատակ` ավարտին հասցնել մինչև 2025 թվականը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները, և դա մեզ հաջողվեց: «Անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում ընդունված ՀԱՊԿ ռազմավարությունում ամրագրվեցին Կազմակերպության զարգացման հետագա ուղենիշները համագործակցության բոլոր հիմնական ուղղություններով: Կարևոր է նաև այն, որ Կազմակերպության երևանյան գագաթնաժողովում պետությունների ղեկավարների կողմից ընդունվեց հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման անթույլատրելիության վերաբերյալ», - ասել է նա:


Անվտանգության հարցերը Սարգսյանի բնութագրմամբ Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական: «Մինչև 2016 թվականը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ, պատերազմական քարոզչություն և հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները: 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ Բաքվի հենց այդ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության և քաղաքականության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության», - ասել է ՀՀ նախագահը:


Ապրիլյան պատերազմին հաջորդած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին հստակ ամրագրվել է 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը: «Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ: Այդուհանդերձ, Ադրբեջանը, ինչպես և անցյալում, խուսափում է այդ պայմանավորվածությունների կատարումից», - հիշեցրել է Սարգսյանը:


«Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և նոր լարվածություն թույլ չտալու նպատակով: Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի: Պատերազմը խնդրի լուծման միջոց չէ՛: Բանակցություններին այլընտրանք չկա: Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ընդգծել է Հայաստանի ղեկավարը:


Մերձավոր Արևելք եւ ԴԱԻՇ


Սարգսյանն անդրադարձել է նաեւ միջազգային հարաբերությունների այսօրվա օրակարգի ամենաարդիական թեմային՝ Մերձավոր Արևելքի իրադրությանը: «Հայաստանը բազմիցս քննադատել է ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացված հանցագործությունները: Նրանց գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող ժողովուրդների անվտանգության համար: Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն ունի երկրի քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, որոնք ինքնության հողի վրա կատարված հանցագործությունների պատճառով բախվում են գոյության սպառնալիքների: Բռնությունը չի շրջանցել նաև սիրիահայերին, որոնց շրջանում կան շատ զոհեր: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները և մշակութային հաստատությունները հողին են հավասարեցվել: Հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանությունից հետո, հայ փախստականները ապաստան գտան շատ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին կրկին ստիպված են լքել իրենց տները», - ասել է Սարգսյանը:


Միայն Սիրիայից, նշում է Սերժ Սարգսյանը, ավելի քան քսան հազար մարդ ապաստան է գտել Հայաստանում: «Մենք լավ գիտակցում ենք, թե ինչ է նշանակում լինել փախստական և ընդունել փախստականների: Հայաստանի կառավարությունը զգալի միջոցներ է ձեռնարկել փախստականներին օգնություն և ինտեգրման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու համար: Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է ապահովել ավելի ընդարձակ միջազգային համագործակցություն մարդկանց զանգվածային տեղաշարժերի և միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրների լիարժեք լուծման համար», - ասել է նա:


Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ զանգվածային տեղաշարժերի հիմնական պատճառների վերացման կարևորությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխման, հակամարտությունների խաղաղ կարգավորման և երկարաժամկետ քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերման ճանապարհով: «Նախորդ տարվա աշնանը և այս տարվա փետրվարին ռուսական ինքնաթիռներով Սիրիա առաքվեց Հայաստանի տրամադրած մարդասիրական օգնությունը: Մենք երախտապարտ ենք ռուսական կողմին՝ տեղափոխման հարցում ցուցաբերած աջակցության համար», - ասել է նախագահը:


Սահմանափակ ռեսուրսներ, տնտեսություն եւ ԵԱՏՄ


Վերջին տարիների գործընթացները, ըստ Սերժ Սարգսյանի, վկայում են, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում Հայաստանին հաջողվեց ձևավորել ճկուն տնտեսական համակարգ: Որպես օրինակ նա բերում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը, որը վերջին տարիներին դարձել է ՀՀ տնտեսության շարժիչ ուժերից մեկը: «Մեր ՀՆԱ կառուցվածքում այդ ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 4 տոկոս, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ», - ասել է նախագահը:


ՀՀ կառավարությունը, տեղեկացրել է նա, հանդես է եկել բարեփոխումների լուրջ օրակարգով, որի նպատակն է բարձրացնել կառավարման որակը, երկրի ներդրումային գրավչությունը, խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: «Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է օտարերկրյա ներդրումների ներգրավման հետևողական քաղաքականությունը: Հայաստանի ներդրումային համեմատական առավելություններից մեկն այն է, որ մեր երկիրն ունի արտոնյալ առևտրային ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում Հայաստանն օգտվում է արտոնյալ առևտրային ռեժիմներից, այսպես կոչված՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգերից (GSP), իսկ ԵՄ երկրների հետ՝ Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից (GSP+)», - ասել է նա:


Մեծ ուշադրություն է հատկացնում զբոսաշրջության զարգացմանը, ընդգծել է նա եւ հավելել, որ փետրվարի 23-ից սկսած՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով: «Համոզված եմ, որ դա ամենադրական ազդեցությունը կունենա Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքերի աճի վրա: Բայց այդ պայմանավորվածությունն ինքնին ունի ավելի կարևոր նշանակություն՝ արտահայտելով մեր երկրների միջև վստահության բարձր մակարդակը», - ասել է նախագահը:


Հայաստանի տնտեսական զարգացումը նրա խոսքով իշխանությունները տեսնում են տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում ակտիվ ներգրավվածության միջոցով: «Այս համատեքստում առանձնակի կարևոր տեղ է հատկացվում ԵԱՏՄ-ին: Չնայած բոլոր տնտեսական դժվարություններին` դրական ձեռքբերումներն ակնհայտ են: Եվրասիական ինտեգրացիոն նախագծի ամուր հենքի շնորհիվ հաջողվել է զգալիորեն մեղմել գլոբալ արտաքին տնտեսական զարգացումների բացասական հետևանքները, որոնք անդամ երկրների համար առավել զգալի կլինեին ԵԱՏՄ ներքին շուկայի բացակայության պարագայում: Մեր անդամակցությունը Միությանը հնարավորություն տվեց մուտք գործել մեծ՝ գրեթե 180-միլիոնանոց շուկա, իսկ դա մեծածավալ շուկա է Հայաստանի համար, որը մենք հաջողությամբ յուրացնում ենք», - ասել է նա:


Սարգսյանին ուրախացնում է այն փաստը, որ աշխարհում աճում է հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ: «Ինտենսիվորեն քննարկվում են Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցեր: Դա, անկասկած, նպաստում է միջազգային ասպարեզում ԵԱՏՄ-ի հնարավորությունների ընդլայմանը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:


Հայաստան-ԵՄ


Բառացիորեն երկու շաբաթ առաջ Հայաստանը և ԵՄ-ն ավարտեցին նոր շրջանակային փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները, որի դրույթները արտացոլում են մեր հարաբերությունների ծավալն ու մակարդակը, տեղեկացրել է նախագահը: «Դրանք թույլ են տալիս ուրվագծել մեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով այլ ինտեգրացիոն միավորումներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները:


Հայաստանը զարգացնում է ակտիվ գործընկերային հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ՝ տարբեր մակարդակներով: Վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները ասիական-խաղաղօվկիանոսյան և լատինաամերիկյան տարածաշրջանների հետ: Զգալի ներուժ ենք տեսնում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, ինչը թույլ կտա զանազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության այլ երկրների լոգիստիկ հնարավորությունները», - ասել է նա:


Գտնվելով տարբեր տարածաշրջանների և շահերի կիզակետում, ըստ Սարգսյանի, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հիմնվելով հազարամյա պատմության վրա, բխում է այն համոզմունքից, որ կարելի է և պետք է ազգային շահերը համադրել առանցքային գործընկերների շահերի հետ՝ խաղաղության, կայունության և տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով: «Մենք համոզված ենք, որ այս մոտեցումն ըմբռնելի և ընդունելի է մեր գործընկերների համար», - եզրափակել է նա: